ԿԽՄԿ-ն Արցախից ևս 6 հիվանդ է տեղափոխել Հայաստան

Եվս 6 անձ այսօր Արցախից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Տեղափոխված անձինք ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեն։

Հաղորդագրությունում նշվում է, որ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5 -ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել 64 հիվանդ։

Sputnik Արմենիա