Շարմազանովը՝ Լավրովին․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՉ ԹԵ ԱԶԱՏԱԳՐԵԼ, ԱՅԼ ՕԿՈՒՊԱՑՐԵԼ Է ԼՂ ՄԻ ՄԱՍԸ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հարցազրույց է տվել, որում խոսել է նաև ղարաբաղյան հակամարտությունից: Նա ասել է, որ Հայաստանը երկար տարիներ «օկուպացրել է Ադրբեջանի շուրջ յոթ շրջան», և Ռուսաստանն առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունն այնքան էլ դրական չի ընկալել՝ ցանկանալով պահպանել տարածքներ, որոնց երբեք չի հավակնել։ Իսկ այսօր «Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը»:

Լավրովի այս հայտարարությանն արձագանքել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

«Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը։

Ադրբեջանն ագրեսոր և օկուպանտ պետություն է։

Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Շուշին, Հադրութն ու Արցախի Հանրապետության մի մասը։

Ադրբեջանի իշխանությունները «թքեցին» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության /ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա/ վրա ,երբ պատերազմով որոշեցին լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։

Որևէ մեկն ինքնորոշման իրավունքը չի չեղարկել։

Այն ՄԱԿ-ի նպատակներից է։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է։

Ցանկացած պաշտոնյա, դաշնակից երկրից, գործընկեր երկրից, թե հակառակորդ երկրից լինի, պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից։

Արցախը չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։

Թքած ունեմ այն կարգերի ու աշխարհի վրա, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքն անքակտելի չի լինելու»,- գրել է Շարմազանովը։

Verelq.am