ՀՀ փոխվարչապետն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 2-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսին և hիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Տիգրան Խաչատրյանը կարևորել է հիմնադրամի գործունեությունն ու վերջինիս կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ հատկապես Կառավարության կողմից հաստատված Հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում։ Փոխվարչապետն ընդգծել է նաև երկկողմ համագործակցության կարևորությունն էլեկտրոնային կառավարման և տեխնոլոգիական կրթության ոլորտներում:

Շտեֆան Մալերիուսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար՝ նշելով, որ հիմնադրամը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ըստ Կառավարության ներկայացրած առաջարկների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ փոխգործակցության զարգացման հնարավորությունները: