Եվրախորհրդարանը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցող բանաձև է ընդունել

Հինգշաբթի Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որում մանրամասն շարադրվում են նրա ակնկալիքները փետրվարի 3-ին Կիևում կայանալիք ԵՄ-ի և Ուկրաինայի քաղաքական առաջնորդների միջև կայանալիք գագաթաժողովից։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հեռանկարներին, տեքստը կոչ է անում ԵՄ-ին «աշխատել անդամակցության բանակցություններ սկսելու ուղղությամբ և աջակցել ճանապարհային քարտեզին, որը նախանշում է հաջորդ քայլերը, որոնք հնարավորություն կտան Ուկրաինային միանալ ԵՄ միասնական շուկային»:

«Վերահաստատելով 2022 թվականի փետրվարի 28-ին երկրի պաշտոնական դիմումից հետո Ուկրաինայի ապագա անդամակցությանն իրենց հանձնառությունը՝ Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծում են, որ անդամակցությունը արժանիքների վրա հիմնված գործընթաց է, ներառյալ համապատասխան ընթացակարգերի պահպանումը և ԵՄ-ին առնչվող բարեփոխումների և անդամակցության չափանիշների իրականացումը:

Նրանք նաև կոչ են անում ուկրաինական իշխանություններին հնարավորինս արագ իրականացնել էական բարեփոխումներ՝ ԵՄ անդամակցության չափանիշներին արդյունավետորեն համապատասխանելու համար։

Բանաձևը նաև կոչ է անում ԵՄ անդամ երկրներին ավելացնել և արագացնել իրենց ռազմական օգնությունը, մասնավորապես՝ զենքի տրամադրումը Կիևին, ինչպես նաև անհրաժեշտ քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, ֆինանսական և հումանիտար աջակցությունը։

Այն նաև կոչ է անում Ուկրաինա-ԵՄ առաջիկա գագաթաժողովի ղեկավարներին առաջնահերթություն տալ Ուկրաինայի վերականգնման համապարփակ փաթեթին:

«Եվրախորհրդարանը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել այնպիսի ընկերությունների դեմ, ինչպիսիք են «Լուկօյլ»-ը և «Ռոսատոմ»-ը, որոնք դեռևս առկա են ԵՄ շուկայում: Պաշտոնյաները, որոնք ներգրավված են անօրինական գործողությունների լայն շրջանակում, ներառյալ բռնի տեղահանումները և օկուպացված ուկրաինական տարածքում կեղծ հանրաքվեների անցկացումը, նույնպես պետք է ենթարկվեն պատժամիջոցների»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ։

News.am