«Ձեր կեղտոտ ձեռքերը հեռո՛ւ պահեք Թուրքիայից». Սոյլուն` ԱՄՆ դեսպանին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Անկարայում ԱՄՆ դեսպանին հորդորել է կեղտոտ ձեռքերը հեռու պահել երկրից՝ մեղադրելով նրան հանրության հանգիստը խռովելու մեջ։ Նախարարի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Habertürk» հեռուստաալիքին։

«Ամերիկացի դեսպանին ասում եմ՝ գիտեմ, թե որ լրագրողներին եք թելադրում, ձեր կեղտոտ ձեռքերը հեռո՛ւ պահեք Թուրքիայից։ Ես դա շատ պարզ եմ ասում` ձեր կեղտոտ ձեռքերը հեռո՛ւ պահեք Թուրքիայից, շատ լավ գիտեմ՝ ինչ քայլեր եք արել, ինչպես եք ուզում Թուրքիայի հասարակությանն իրար խառնել, հեռացրե՛ք ձեր կեղտոտ ձեռքերը, ձեր դիմակավորված, քթի տակ ծիծաղող դեմքերը»,- ասել է նախարարը։

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ–ի յուրաքանչյուր դեսպան մտածում է, թե ինչպես վնասի Թուրքիային, և դա երկար տարիներ երկրի գլխավոր դժբախտություններից մեկն է։

«Նա (ԱՄՆ դեսպանը. խմբ.) հավաքում է մյուս դեսպաններին և փորձում է նրանց խորհուրդ տալ։ Նրանք նույնն են անում նաև Եվրոպայում, ամերիկյան դեսպանատունը ղեկավարում է Եվրոպային։ Մի՛ անհանգստացեք, եվրոպացիները չեն նեղվի դրանից։ Նրանք մտածում էին, որ կարող են նախագծել Թուրքիան, բայց մի մարդ փչացրեց նրանց խաղը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը», - ասել է թուրք նախարարը։

Ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը դաշնակիցներին մեղադրել էր երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մեջ։

Ծայրահեղ աջերի կողմից Եվրոպայում Ղուրանի օրինակների այրման ֆոնին ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին շաբաթվա սկզբին զգուշացրել է ահաբեկչական հարձակումների վտանգի մասին։ Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտարարել են, որ դադարեցրել են այցելուներ ընդունել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հյուպատոսությունների փակման հետ կապված իրավիճակը դիտավորյալ գործողություն է անվանել, որի շարժառիթներից մեկը, ըստ նրա, ընտրություններից առաջ իշխանություններին ծանր դրության մեջ դնելն է։ Նա հայտարարել է, որ արևմտյան երկրները միայն իրենց մասին են մտածում, և ափսոսանք է հայտնել, որ դիվանագետները սպառնալիքների վերաբերյալ կոնկրետ տեղեկություն չեն փոխանցում։

Sputnik Արմենիա