ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է Վոլգոգրադ ու հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանն այսօր հանդիպել է Վոլգոգրադի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։

Դեսպանը կարևորել է երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությանն ուղղված նախագծերում և նախաձեռնություններում համայնքի ակտիվ մասնակցության դերը։

Նա այցելել է նաև տեղի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի։

Դեսպանը Վոլգոգրադի մարզ կատարած այցի շրջանակներում հանդիպել է նաև Վոլգոգրադի մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովի հետ։

«Նա շնորհակալություն է հայտնել Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերի համար և ընդգծել երկու երկրների միջտարածաշրջանային փոխգործակցության շրջանակում Հայաստանի մարզերի և Վոլգոգրադի մարզի միջև կառուցողական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործունեության տարբեր ոլորտներում կապերի և փոխգործակցության ընդլայնման հարցեր` առևտրատնտեսական և հումանիտար կապերի զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման շուրջ։

Sputnik Արմենիա