ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՆՉՊԵ՞Ս ՀՀ–ՈՒՄ ՓՐԿԵԼ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՆՎԻՐՅԱԼԻ ԳՈՐԾԸ

Մութ ու ցուրտ տարիներին Ռուբեն Սարգսյանը նախագծել և արտադրել է նոր մոդելի գեներատորներ, որոնք նաև արտահանվում էին։ Սակայն համաշխարհային արտադրանքի հետ մրցակցելը հետզհետե դժվարանում էր, և հիմա այս ռազմավարական ոլորտում մենք գրեթե չունենք մասնագետներ։

«Ցավոք, էս է... դառել ենք էլիտար շենքերի և հյուրանոցների երկիր։ Ով կհարմարվի՝ կաշխատի, ով չէ․․․ Հուսանք` մի բան կփոխվի», - այս խոսքերով Գեղամ Սարգսյանը մեզ ուղեկցում է իր հոր՝ Ռուբեն Սարգսյանի` Քասախ գյուղի արտադրության տարածքով։

Հայաստանում արտադրված առաջին հողմակայանի գեներատորը դարձել է Սարգսյան–ավագի վերջին նախագիծը։ Նա հաջողությամբ ղեկավարել է դրա փորձարկումները, բայց ամբողջական հողմակայանը փորձարկվել է, երբ Ռուբեն Սարգսյանն արդեն հեռացել էր կյանքից։ Իրենից հետո նա թողեց 1 կՎտ–ից մինչև 1300 կՎտ հզորությամբ բազմաթիվ գեներատորներ, որոնք նրա ստեղծագործ մտքի շնորհիվ նախագծվել և արտադրվել են Հայաստանում։

Վերջին տարիներին նրա ընկերության պատվերները գնալով պակասում էին, հետո էլ` զրոյացան ներմուծված արտադրանքը գնալով էժանանում էր, շուկաներ գրավում, տեղական ընկերություններին էլ վերազինման համար բավարար հասույթ չէր մնում։

Ով ինչով է ուրախանում

Սովետական Հայաստանը ԽՍՀՄ-ի «սիլիկոնային հովիտներից» մեկը չէր դառնա, եթե չլինեին նախ խորհրդային իշխանությունների հետևողական ծրագիրը, ապա ինժեների մասնագիտությանը ձգտող երիտասարդների մի սերունդ։ Նրանցից մեկն էր Ռուբեն Սարգսյանը, որը երկար տարիներ աշխատել է Աշտարակի կիսահաղորդիչների գործարանում, որտեղ էլ 80-ականներին դարձել է արտադրական բյուրոյի պետ։

«Պերեստրոյկայի» տարիներին նա ստեղծել է արտադրական կոոպերատիվ, որն արտադրում էր անլար հեռախոսներ։ Ով գիտի, թե ինչպիսի զարգացում կարող էին դրանք ապրել այդ ժամանակվա Սովետական Հայաստանի արդյունաբերական բազայով, եթե լիներ գեթ մի փոքր մասն այն աջակցության, որն ուներ և ունի Չինաստանի կիսահաղորդչային ինդուստրիան (սա բազում օրինակներից մեկն է միայն)։

90-ականների սկզբին, երբ Կարեն Դեմիրճյանը դարձել էր «Հայէլեկտրամեքենա» գործարանի տնօրեն, տեսնելով երկրում էլեկտրաէներգիայի սուր պահանջը, խնդիր է դնում կազմակերպել ավտոնոմ գեներատորների արտադրություն։ Սակայն նման տեխնոլոգիա Խորհրդային Հայաստանում չէր եղել։

«Հայրս պատմում է, որ Դեմիրճյանը հրավիրում է ոլորտի մասնագետներին ու հարցնում` թե ով կարող է նախագիծ կազմել։ Հայրս էլ թե` ես կանեմ։ Դրանից առաջ կիսահաղորդիչներով է զբաղված եղել, գեներատորների հետ գործ չի ունեցել, բայց եթե ուղնուծուծով ինժեներ ես, ուրեմն ինժեներ ես։ Նախագիծը կազմում է, ներկայացնում Դեմիրճյանին, նա էլ հորս տարածք է տալիս գործարանում։ Հայրս պատմում էր` երբ առաջին նմուշը պատրաստել են ու փորձարկել, Դեմիրճյանը քիչ է մնացել երեխայի պես վեր թռնի ուրախությունից», – ասում է Գեղամը։

Ո՞րն էր նորույթը

Ավտոնոմ գեներատորի նորույթը նրանում էր, որ այն շատ դյուրին էր շահագործման տեսանկյունից, քանի որ արտաքին գրգռման աղբյուր չէր պահանջում: Գեներատորի ակտիվացումն իրականացվում էր էլեկտրաստատիկ պողպատի մնացորդային մագնիսական երևույթի միջոցով՝ ինգնագրգռման մեթոդով, կոնդենսատորների բլոկի օգնությամբ: Այս գեներատորների կարևորագույն առավելությունն է պտտման ընթացքում շփվող մասերի բացակայությունը (շփվում են միայն առանցքակալների գնդիկները,) ինչը երկարացնում է գեներատորի կյանքը:

Ինքնավարությունն ու երկարակեցությունը «մութ ու ցուրտ» տարիներին կարևոր էին նաև պաշտպանական ենթակառուցվածքում, որտեղ էլ այդ գեներատորները պահանջված էին։

1998-ին, երբ Դեմիրճյանը վերադարձել էր մեծ քաղաքականություն, խնդրել էր չդադարեցնել արտադրությունը և խոստացել էր` «Երբ հետ գամ, եղածը կզարգացնենք»...

Երբ «Հայէլեկտրոյում» արտադրությունը գործնականում դադարել էր, Ռուբեն Սարգսյանը տեղափոխվել էր այլ արտադրական տարածք` շարունակելով նախագծել և արտադրել նոր մոդելներ, ինչպես նաև դրանք արտահանվել էին Իրան, Իրաք և Հարավսլավիա (որն այդ ժամանակ դեռ գոյություն ուներ)։

Այդ ընթացքում նա պատվերներ էր վերցնում նաև փոքր ՀԷԿ–երից, որոնց շինարարությունը 2000-ականների կեսից երկրում թափ էր առել։ Հայաստանում գործող շուրջ 220 փոքր ՀԷԿ–երից մոտ 30-ում տեղադրված են Սարգսյանի արտադրած գեներատորները։

2010-ականներից սկսած` ներմուծված գեներատորները սկսել են դուրս մղել տեղականներին։ Գնով դրանք շատ ավելի ցածր են, քանի որ արտադրության ծավալները համադրելի չեն։ Վերջին տարիներին Սարգսյանին մնացել էին միայն սպասարկման պատվերները, բայց ներմուծող ընկերություններն էլ աստիճանաբար ձևավորել են նման ծառայություններ։

Սարգսյանի ջանքերի գնով ևս մի քանի տարի ընկերությունը գործել է` պատվերից պատվեր կանչելով աշխատողներին։ Լավ ժամանակներում այստեղ աշխատում էր 10-15 հոգի, իսկ վերջում մնացել էին 4-5-ը։ Բոլորը Ռուբենի հասակակիցներն էին, նրա պես գործին խենթ նվիրյալ, ու բոլորն էլ հիմա 70-ին մոտ կամ անց են։

«Լինում էր` օրերով տուն չէին գալիս, երբ նախագիծ էին կազմում։ Եկամուտն էլ` ոնց ստացվի։ Մեր պայմաններում առանց էդ խենթության էդպիսի գործ առաջ չես տանի։ Ջահելներից ո՞վ կգա, կաշխատի էդ փողով։ Նրանց էլ մեղադրելու չի, տուն պիտի՞ պահեն, թե՞ չէ», – ասում է Գեղամը։

Նա ստիպված է եղել լուծարել ձեռնարկությունը, սակայն պահպանում է տարածքն ու հաստոցները` հուսով, որ նրանք մի օր նորից կծառայեն իր հոր գործին ու մեր երկրին։

Ամենակարևոր ակտիվը

Մի քանի տարի առաջ, երբ փոքր ՀԷԿ–երի շինարարությունը դեռ ակտիվ էր, ֆրանսահայ մի ներդրող ցանկացել էր գնել Սարգսյանի արտադրությունը։ Հասնելով տեղ` ներդրողը տեսել է չորս–հինգ հաստոց և ժպտացող Ռուբենին և զարմացած հարցրել, թե ուր է բիզնեսը։ Ռուբենը պատասխանել է. «Բիզնեսը ես եմ»։

Շարժիչների ու գեներատորների արտադրությունը Հայաստանում վերականգնելու թիվ մեկ խնդիրն այն է, որ մասնագետների սերունդը գրեթե վերացել է։ Երիտասարդներն էլ (թեկուզ տեխնիկական կրթությամբ), աշխատավարձերը տեսնելով, մոտ չեն գալիս։

Ո՞ւմ խնդիրն է

Ակնհայտ է, որ այսօրվա Հայաստանի շուկայական պայմաններում նման արտադրությունը մրցունակ չէ. Մասնագետները քիչ են, հաստոցները` հին, ծավալները` փոքր, դրսի մրցակցությունն էլ` բարձր։ Մնում է մի հարց. եթե արտադրության մի ողջ ճյուղ երկրից վերանա, ու՞մ խնդիրն է սա` հայր ու որդի Սարգսյանների՞, թե՞ մեր բոլորի։ Որոշ հարցերում կա ոլորտը պահելու պետական հասկացողություն. օրինակ` խնդիր է դրված նոր ատոմակայանը շահագործման հանձնել անմիջապես հինը փակվելուց հետո։ Այլապես մասնագետները կցրվեն, և մեկ–երկու տարվա բաց թողնվածը կարիք կլինի տասնյակ տարիներով վերականգնել։

Իսկ եթե չորս–հինգ տարուց Հայաստանում այլևս չլինեն մարդիկ, որոնք կկարողանան ստեղծել իրական (ոչ թե համակարգչի էկրանի վրա) գեներատոր, և այս ռազմավարական հարցում երկիրը մնա դրսի հույսին, ո՞ւմ խնդիրը կլինի սա։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա