Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Սեյրան Օհանյանի գործով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում։ Այս մասին ԱԺ–ում նիստի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որը ներկայացրել է Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին 3–րդ միջնորդագիրը։

«Այս գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահը ցուցմունք տվել է։ Նա հարցաքննվել է»,– ասաց նա։

Գլխավոր դատախազը նշեց` ուղիղ ապացույցներ չկան, որ Սերժ Սարգսյանը որևէ կերպ մասնակցություն ունի չարաշահումների մասով, սակայն ընդգծեց, որ փաստաթղթերից մեկի վրա կա գրություն, որտեղ Օհանյանը գրել է. «Կքննարկենք ՀՀ նախագահի հետ, հետո կորոշենք»։

Ըստ դատախազության` սույն գործով ցուցմունք են տվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից մեկն էլ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է։

Հարցաքննվել են նաև «Գլենդել Հիլզ» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Մելիքյանը, «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ տնօրեն Աշոտ Գոմցյանը և այդ ընկերությունների այլ ներկայացուցիչներ։

Sputnik Արմենիա