Փաշինյան․ ՀԱՊԿ-ը ո՞նց է դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է ՀՀ տարածքը, թե՞ ոչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ խոսակցություններին, թե ինչու ՀՀ կառավարությունը նախընտրեց ընդունել ԵՄ դիտորդական առաքելությունը, իսկ ՀԱՊԿ առաքելությունը՝ ոչ:

 «Թեմայի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան: Մենք ՀԱՊԿ-ի պարագայում շատ հստակ խնդիր ենք ձևակերպել, քանի որ ՀԱՊԿ-ն ունի շատ մանրամասն նկարագրություններով փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգ, որն ընդունվել է 2010 թվականին ու որտեղ հստակ գրված են գործողություններ, բայց, միևնույն ժամանակ, կա հստակ ըմբռնում ու հասկցություն ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին», - Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե ՀԱՊԿ-ից խնդրել են մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պատասանատվության գոտին Հայաստանում:

«Այսինքն՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է Հայաստանը, մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել», - նշեց վարչապետը:

Նա ասաց, թե ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում Եվրամիությունը հստակ գծագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը:

Վարչապետն ընդգծեց՝ եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, ո՞նց է դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է ՀՀ տարածքը, թե՞ ոչ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ Հայաստանը, կոնկրետ ՀՀ վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ու տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին ու պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ ու Ադրբեջանը հարձակումներով պարզապես փորձում է հավասարակշռել իրավիճակը:

«Արևմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում՝ որպես Արևմտայն դավադրության մասնակից: Մենք էլ ասացինք՝ շատ լավ, եկեք դուք տեղում դիտարկեք՝ այդ ամենն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ չի համապատասխանում, սա կարևոր նյուանսներից մեկն է», - ընդգծեց վարչապետը:

Aysor.am