Փաշինյան․ Փորձում են ճանապարհներն ապաշրջափակելու գինը մեզ համար ավելացնել

Տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումն էականորեն կմեծացնի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ և ոչ միայն ԵԱՏՄ երկրների հետ։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այս առիթով շահագրգռված ենք և կրկին պատրաստակամություն ենք հայտնում նոյեմբերի 9-ի դրույթների կատարման հարցում։ Տպավորություն կա, որ բոլորն ուզում են` այդ ճանապարհները բացվեն, և մենք դիմադրում ենք։ Ո՛չ, ընդհակառակը` ամենաշատը մենք ենք ուզում` այդ ճանապարհները բացվեն, և դիմադրում են մյուսները»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` այդ Հայաստանն է, որ 30 տարի եղել է շրջափակման մեջ, և ուրիշ ոչ մի պետություն այդ ճանապարհների կարիքը մեզնից շատ չունի, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան բոլոր ճանապարհների այլընտրանք ունեն։

«Քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են ճանապարհների բացելու գինը մեզ համար ավելացնել։ Իսկ մենք ասում ենք, որ պետք է իրականացնենք այն, ինչ կա եռակողմ հայտարարության մեջ»,– ավելացրեց Փաշինյանը։

Նա հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ եռակողմ հայտարարության մեջ չկա «միջանցք» բառ և ինքն է ներմուծել այդ խոսույթը։

Փաշինյանը հավելեց, որ ՀՀ–ն վաղն իսկ պատրաստ է կոմունիկացիաների ապաշրջափակման մեկնարկը տալ։

Sputnik Արմենիա