ՍԻՄՈՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՆԵՐ Է ՀԱՅՏՆՈՒՄ

Ռուս քաղաքագետ, միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ, Ռուսաստանյան հանրային հեռուստաընկերության «Մեծ խաղ» հաղորդման վարող Դմիտրի Սուսլովը հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը: Նա, մասնավորապես, հիշեցրել է. «Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել երկու օրվա ընթացքում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելություն տեղակայել սահմանին, ինչն իսկապես թույլ չի տա ուժի կիրառման մասշտաբային դեպքեր՝ գնդակոծում, տարածքի զավթում Ադրբեջանի կողմից»:

ԱՅՍՏԵՂ ՍԵՆՍԱՑԻՈՆ ՈՉԻՆՉ ՉԿԱ։ Սուսլովը կրկնում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունը РТР-ին տված աղմկահարույց հարցազրույցում, որում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսում է այն մասին, որ Երևանի համաձայնության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ-ի մոնիտորինգային առաքելությունը կարող է ծավալվել 1-2 օրվա ընթացքում:

Եվ ահա լրագրողները բռնացրել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և հարցնում են, թե ինչո՞ւ Երևանը չի տալիս իր համաձայնությունը ՀԱՊԿ առաքելության ծավալմանը, որը կդառնար հանրապետության անվտանգության բաղադրիչը։ Իսկ ի՞նչ է պատասխանում Սիմոնյանը։ Նա պատասխանում է. վստահ չեմ, թե Լավրովն իրավացի է։ Ինքը՝ Սիմոնյանը, վստահ չէ, որ Երևանի համաձայնության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը կտեղակայվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Իսկ վստահ չէ Սիմոնյանը, քանի որ համարում է, որ ՀԱՊԿ անդամ այս կամ այն երկիրը կարող է վետո դնել նման որոշման վրա։ Իբր՝ հիշում եք Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովը և ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավարներից մեկի հայտարարությունը, ասում է Սիմոնյանը՝ ակնարկելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթը Հայաստանի մայրաքաղաքում...

Դե, լսել եք մենք Լուկաշենկոյի ելույթը, որում նա նախատում էր Փաշինյանին... Եվ ի՞նչ։ Կա՞նգ ենք առնելու դրա վրա: Այսինքն Լավրովն ասելու է, որ Երևանի համաձայնության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելությունը կարելի է ծավալել 1-2 օրվա ընթացքում, իսկ Սիմոնյանը, այսինքն պաշտոնական Երևանը, պնդելու է, թե կասկածո՞ւմ է Լավրովի խոսքերի ճշմարտացիությանը։ Եվ այդքանով փակելո՞ւ ենք թեման։

Իսկ գուցե այնուամենայնիվ պե՞տք է պարզել, թե ով է իրավացի. Լավրովը, թե Սիմոնյանը։ Մանավանդ որ պարզելը հեշտ է. համաձայնություն տալ ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության ծավալմանը և տեսնել՝ կծավալվի, թե ոչ ...

Գրում ենք, բայց հասկանում ենք, որ դա, իհարկե, չի արվի։ Չէ՞ որ ավելի հեշտ է պարզապես պախարակել Լավրովին։ Մանավանդ որ իշխանություններն իրենց իրական խնդիրը տեսնում են ոչ թե Հայաստանի անվտանգության բաղադրիչները ևս մեկ տարրով համալրելու, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն ուղղված վտանգավոր խաղերում արևմտյան հատուկ ծառայություններին ամեն կերպ օժանդակելու մեջ։ Խաղեր, որոնցում Փաշինյանի ջանքերով Հայաստանը տարածաշրջանում դուրս է եկել առաջին պլան, իսկ Արցախը, որի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները, կարող է դառնալ փոխադրամ։