Փաշինյան․ Անընդունելի է, որ հակակոռուպցիոն միջազգային ռեյտինգներում հետընթաց է արձանագրվել

Այն փաստը, որ մենք հակակոռուպցիոն միջազգային ռեյտինգներում փոքր հետընթաց ենք արձանագրում, բացարձակապես անընդունելի է։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ օրերս հրապարակված զեկույցին։

Նշենք, որ այդ զեկույցի համաձայն` մեր երկիրն անցած տարի կոռուպցիայի ընկալման սանդղակում զիջել է դիրքերը, այն էլ միանգամից 5 հորիզոնականով։ Նախանցած տարի մենք աշխարհի 180 երկրների ցուցակում 58-րդն էինք, հիմա իջել ենք և հայտնվել 63-րդ տեղում։

«Մտահոգված եմ այդ տվյալներով և չեմ կարծում, որ գուցե վիճակագրության սխալ կա։ Մենք կոռուպցիայի դեմ ենք պայքարում, բայց կան քրգործեր, որ արդեն 4 տարի է, ինչ հարուցված են։ Ակնհայտ է, որ հատուկ այնպես են անում` գործերն ուշ քննեն, որ վաղեմության ժամկետները լրանան, և այդ գործերը գնան ու փակվեն»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ վաղը դատական համակարգի ներկայացուցիչներին են հրավիրել կառավարության նիստին, որպեսզի այս հարցը քննարկվի։

Նրա խոսքով` չնայած ասում են, որ համակարգային կոռուպցիան հաղթահարել են, սակայն ամեն շաբաթ մարդ են ձերբակալում մաքսայինից, քաղաքապետարաններից, նախարարների են ձերբակալում։ Վարչապետն ասաց, թե պետք է վերահաստատեն` կոմպրոմիսներ չպետք է լինեն։

ՀՀ վարչապետնասաց նաև, որ այս շաբաթ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ են անելու, որպեսզի երկար ու մանրամասն խոսելու հնարավորություն լինի։

Sputnik Արմենիա