Հայկ Մամիջանյան․ Հայաստանին ու Արցախին սպասվում են էլ առավել դաժան օրեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր անդրադարձավ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննվելու հանգամանքին:

 


«Երեկ որոշ շրջանակներ իրենց թույլ տվեցին ասել ու շրջանառել այնպիսի ստեր, որոնք չէր համարձակվել ասել անգամ Աննա Վարդապետյանը, այսինքն՝ իրենք եղան Փաշինյանից ավելի Փաշինյան՝ փորձելով նախագահի հարցաքննվելու փաստը ներկայացնել ինչ-որ աբսուրդային լույսի ներքո: Բոլոր այն մարդիկ, ովքեր անհիմն թիրախավորում են այս կամ ընդդիմադիր գործչին, ծառայում են Փաշինյանին, իսկ տարածված տեղեկության հետ կապված պետք է ասեմ՝ գլուխը պատին է տվել ցանկացած անձ, ով հանդգնի կասկածել Սերժ Սարգսյանի արժանապատվության ու մարտական ընկերների կողքին կանգնելու հատկանիշների վրա», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Մամիջանյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, կարելի է բնորոշել որպես ռեպրեսիաների նոր փուլ: Դա, ըստ Մամիջանյանի, ունի երկու հիմնական պատճառ:

«Առաջին պատճառը շատ պարզ է, տիկին Վարդապետյանը պետք է վաստակի այն, ինչի համար նշանակվել է այդ պաշտոնին, նա այդ պաշտոնին նշանակվել է՝ ծառայելու համար Փաշինյանի ռեպրեսիվ բութ գործիք», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Երկրորդ պատճառը, նրա խոսքով, շատ ավելի վտանգավոր է:

«Ցանակացած ժամանակ, երբ Հայաստանն ու Արցախը կանգնած են շատ վտանգավոր զարգացումների առջև, Հայաստանում սրվում են քաղաքական շինծու քրեական գործերի բացումներ», - ասաց նա:

Yerevan Today