Լաչին և ԼՂ առաքելություն գործուղելը հրամայական է. Պապիկյանը` ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում
Հրամայական է հումանիտար իրավիճակը գնահատելու և նոր ագրեսիան կանխարգելելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում հարցը բարձրացրել է ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։
«Նա կոչ է արել ԵԱՀԿ անդամ պետություններին ավելացնել Ադրբեջանի վրա ճնշումը։ Պապիկյանը բարձր է գնահատել մինչ այժմ ԵԱՀԿ մի շարք մասնակից երկրների հստակ հայտարարություններն ու դիրքորոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին վերացնել շրջափակումը և երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ ու անարգել տեղաշարժը, որը սակայն բավարար չէ»,–ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանի այն պնդումները, թե իբր Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովվում է, իրականությանը չեն համապատասխանում։
Պապիկյանը հավելել է, որ, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, իսկ բազմաթիվ բռնի անհետ կորածների ճակատագրերը մնում են անհայտ։ Շարունակվում է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը: ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ և հարակից տարածքներ դեռևս մերժվում է Ադրբեջանի կողմից:
Sputnik Արմենիա