ԶԼՄ․ Երկրաշարժի պատճառով Թուրքիայում մայիսի 14-ի ընտրությունները կարող են չկայանալ
Թուրքիայում մայիսի 14-ին նախատեսվող համընդհանուր ընտրությունները հնարավոր է` չանցկացվեն երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքների պատճառով: Այս մասին հայտնում է TGRT Haber հեռուստաալիքի կայքը։
«Արդարության և զարգացման կուսակցության իրավասու կոմիտեները որևէ գնահատական չեն տրել ընտրությունների օրը հետաձգելուն կամ չեղարկելուն։ Սակայն մայիսի 14-ի տարբերակը սկսում է անհավանական դառնալ։ Մյուս կողմից, ընդդիմադիր
Ժողովրդա-հանրապետական կուսակցության միջանցքներում լուրեր են պտտվում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրությունները հետաձգելու է առնվազն 1 տարով»,-նշում են ԶԼՄ-ները։
Հեռուստաալիքը մեջբերում է Թուրքիայի Հանրապետության Սահմանադրության 78-րդ հոդվածը, ըստ որի` ընտրությունները հետաձգելու միակ բացառությունը պատերազմական վիճակն է։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ երկրում համընդհանուր ընտրությունները (միաժամանակ նախագահական և խորհրդարանական) նշանակված են մայիսի 14-ին: Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ կառավարությունը խորհրդարանին կառաջարկի մայիսի 14-ը ընդունել որպես Թուրքիայում համընդհանուր ընտրությունների օր։
Sputnik Արմենիա