ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱՑՈՂՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ԵՄ առաքելությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Այս մասին երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

«Որեվէ մեկին բացատրելու կարիք չկա, թե որևէ մեկի դեմ է ուղղված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը: ՀՀ-ն երկուամսյա դիտորդական առաքելությունից հետո իր դիվանագիտական ջանքերի շնորհիվ կարողացել է ԵՄ գործընկերների հետ պայմանավորվել, որ դիտորդական առաքելության ժամկետը երկարացվի: Եվ սա բխում է բացառապես ՀՀ շահերից»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Հայաստանն ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում՝ ելնելով իր շահերից։ «Ես լսել եմ այն նարատիվը, որ մենք փորձում ենք Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումը բերել այստեղ, ինչպես նաև, որ մենք փորձում ենք այն տարածել։ Այս կանխադրույթը չպետք է հիմք ընդունել։ Գործող իշխանությունները ելնում են բացառապես Հայաստանի ազգային շահերից։ Սա քաղաքացիական առաքելություն է, և այն ուղղված չէ որևէ մեկի դեմ»,-ասաց պատգամավորը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ.ԻՐԱԿԱՆՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԻՇԱՏԱԿԱԾ «ՆԱՐԱՏԻՎԸ» ԱՌԱՍՏԱՂԻՑ ՉԻ ՎԵՐՑՐԱԾ։ Եթե ոմանք տեղյակ չեն կամ մոռացել են, ապա հիշեցնեմ, որ ԵՄ առաքելության ժամանմանը ՌԴ ԱԳՆբավական կոշտ արձագանքեց դեռևս հունվարի վերջին։ Մասնավորապես, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայության պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր. «Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը, որը վերածվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն է վարում, կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը նույնպես չպետք է մոլորեցնի. այն ձևավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։ Բացի այդ, ընդգծվում էր, որ Հայաստանում ամրապնդվելու և «Ռուսաստանի միջնորդական ջանքերը դուրս մղելու Եվրամիության փորձերը» կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների շահերին՝ կապված տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու հետ։ «ՌԴ ԱԳՆտարածաշրջանում կայունության առանցքային գործոն է համարում ռուս խաղաղապահների և հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահների ներկայությունը»,- ասվում էր հայտարարության մեջ:

Իհարկե, եթե նման հայտարարությամբ հանդես գար ամեն առումով հեռավոր որևէ երկրի, դե, ասենք՝ Մոզամբիկի ԱԳՆ-ը, ապա, այո, հայկական կողմը գուցեև կարիք չունենար ինչ-որ բան ապացուցել։ Բայց խոսքը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակցի, նրա գլխավոր առևտրատնտեսական գործընկերոջ մասին է, խոսքը Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովող երկրի մասին է։ Այստեղ հարկ է ընդգծել մեկ հանգամանք։ Կարելի է հարցեր ունենալ Ռուսաստանի վերոթվարկյալ առաքելությունների կատարման որակի վերաբերյալ: Բայց այդուհանդերձ Մոսկվան մնում է Հայաստանի դաշնակիցը, գործընկերը և նրա անվտանգության առանցքային գործոնը։ Եվ այո, ում-ում, բայց Մոսկվային Երևանը պարտավոր է ապացուցել, որ ԵՄ առաքելությունը «ուղղված չէ որևէ մեկի դեմ»։ Մանավանդ որ Մոսկվայում վստահ են, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Կրկնեմ. հայ-ռուսական դաշնակցությունը ոչ ոք չի չեղարկել, թեև այդ մասին երազող ուժերը քիչ չեն։

Բայց հարցն անգամ այն չէ, որ Մոսկվայի նկատմամբ Երևանի դիրքորոշումը, մեղմ ասած, տարօրինակ է։ Հայաստանի դիրքորոշումը տարօրինակ է նաև իր իսկ նկատմամբ։ Քանզի ինչ է ստացվում. մենք կարծում էինք, թե ԵՄ առաքելությունը պետք է ուղղված լինի առնվազն Հայաստանի ինքնիշխան տարածքի ադրբեջանական բռնազավթման դեմ։ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններից հետո մենք ախր կարծում էինք, թե ԵՄ առաքելությունն այստեղ է հենց ապացուցելու համար Բաքվին, որ Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ նենգադավ ռազմական ագրեսիա չեն ծրագրում Ադրբեջանի դեմ։ Եվ ահավասիկ ՔՊ ներկայացուցիչը պնդում է, որ նախ՝ որևէ մեկին որևէ բան ապացուցել հայկական իշխանությունը մտադիր չէ, և երկրորդ. ԵՄ առաքելությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Այդ դեպքում առհասարակ անհասկանալի է, թե ինչու են եվրադիտորդները Հայաստանում, ինչու են նրանց ընդհանրապես հրավիրել։ Պարզապես զբոսնելո՞ւ հայկական տարածքներում։ Ուրեմն թող հրավիրեին Գառնի, Գեղարդ, տանեին Ծաղկաձոր կամ Տաթև՝ ճոպանուղի նստելու... Վստահ եմ, որ դա շատ ավելի կնպաստեր հայկական ազգային շահերին, որոնք վկայակոչում է իշխող թիմի ներկայացուցիչը։

Եվ էլի մի բան. Փաստորեն, ԵՄ առաքելությունը «դեմ» չէ։ Բայց «կողմ» էլ չէ։ Համենայնդեպս ԵՄ-ից ոչ ոք կոնկրետ չի հայտարարել, թե եվրադիտորդները հանդես են գալիս Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և ադրբեջանական զինված ուժերի կողմից ապաբռնազավթման օգտին։ Եթե ո՛չ դեմ են, ո՛չ կողմ, ուրեմն ձեռնպահ են։ Եվ ինչո՞վ կարող են այդ ձեռնպահ մնացողներն օգնել հայկական ոտնահարված շահերի վերականգնմանը։