ՌԴ փոխարտգործնախարարն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստանում ԵՄ առաքելության թեման

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Գալուզինն ասել է, որ Հայաստանում ԵՄ–ի այսպես կոչված քաղաքացիական առաքելություն ծավալելու որոշումը հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը», - նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմը կրկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ համանախագահները բազմաթիվ անգամ և առանց դրդապատճառի չեղարկել են Ժնևյան միջազգային քննարկումների կանոնավոր փուլերը։

«Նման պրակտիկան կարող է հանգեցնել այդ կարևոր բանակցային մեխանիզմի աշխատանքի փաստացի արգելափակման, ինչը կարող է վնաս հասցնել տարածաշրջանային անվտանգությանը», - նշված է հաղորդագրության մեջ:

Sputnik Արմենիա