Զարուհի ՆԱԽՇՔԱՐՅԱՆ․ ԻՆՁ ՄԵՂԱԴՐԵԼ, ՈՐ ԵՍ ՓՈՐՁԵԼ ԵՄ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿԵԼ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՒՂՂԱԿԻ ԶԱՎԵՇՏ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կասկածներ ունեի՝ արդյոք իմաստ ունի իմ ելույթը, առհասարակ մասնակցությունն այս կարգապահական վարույթին։ Ինձ թվում է՝ խորհրդի անդմաները, ներկաները քաջ գիտակցում են, որ ես բաց աչքերով եմ նայում իրականությանը»,- Բարձրագույն դատական խորհուրդում ասաց դատավոր Զարուհի Նախշքարյանն իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԱՆ ներկայացրած միջնորդության քննության ժամանակ։

 


Նա նշեց, որ իր՝ այստեղ գտնվելը պայմանավորված է միայն մեկ հանգամանքով՝ ցանկացավ այս պահին ևս և այս պահը ևս ծառայեցնել դատական իշխանության հեղինակության բաձրացմանը։

Դատավորն ասաց, որ առնվազ երկու դրվագով արդարադատության նախարարը շփոթել է իրեն դատական իշխանության հետ. «Ես չեմ շփոթում։ Ինձ համար կարող է քննադատելի լինել գործադիր իշխանության անգործությունը և գործողությունները ևս որպես դատական իշխանության դատավոր, որպես այդ խնդիրների հետ առնչվող դատավոր։ Ցավը գիտեք ինչումն է, որ դատավորների հիմնական մաս, այդ թվում խորհուրդը, բացառությամբ երևի պարոն Քոչարյանի և պարոն Գրիգորյանի, շատ լավ գիտեն իմ մղումները, իմ վերաբերմունքը։ Ես այդ խնդիրները բարձրաձայնել եմ ու երբևէ պայմանավորված չի եղել ԲԴԽ կազմով, գործող իշխանությամբ, այլ գործոններով։ Համարում եմ, որ ԲԴԽ-ն այն մարմինն է, որը, հանդիսանալով երաշխավոր իմ՝ որպես դատավորի անկախության, պետք է միջոցներ ձեռնարկի այդ անկախությունը ինձ համար ապահովելու համար։ Դա չի կարողանում անել ինչ-ինչ օբյեկտիվ և սուբյետիվ պատճառներով»։

Զարուհի Նախշքարյանն ասաց, որ մասնակցել է անթիվ քննարկումների, ներկայացրել է մանրամասն այն բոլոր դրվագները, որոնք իր և մի շարք այլ դատավորների կարծիքով կարող էին այս հարցը, կոլապսը լուծել։

«Քաղաքացիները նայում են այս նիստը, հիմա ասում են՝ լավ են անում, դատավորին պատժում են։ Բայց հասկանանք, թե ինչո՞ւ համար են պատժում։ Պատժում են, որովհետև ես ի՞նչ եմ արել։ Ես փորձել եմ այդ հարցերին լուծում տա՞լ, նրա համար, որպեսզի քաղաքացիներին հեռախոսով ստիպված չլինեն պատասխանել, որ դատական ակտը ուշանում է, դեռևս պատրաստ չէ, կատարողական թերթը չեն կարող տալ և այլն։ Այ, դրա համար։

Այսինքն, ես կատարել եմ այս շեշտադրումները 10 տարի՝ որպես դատավոր իմ ողջ գործունեության ընթացքում, որպեսզի փորձեմ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել ողջամիտ ժամկետներում գործի քննության, արդար դատարանի ձևավորման, հեղինակության բարձրացման համար։ Իսկապես զավեշտ է, որ ես այսօր կանգնած եմ այստեղ այս միջնորդության ուժով»։

Դատավորի խոսքով, ամեն ինչն ունի նաև իր դրական կողմերը. «10 տարի աշխատել եմ որպես դատավոր, միշտ ընկճված եմ եղել, համարել եմ, որ ես գնահատված չեմ որպես դատավոր, իրավաբան, բավարարված չեմ զգացել ինձ, կարծել եմ, որ իմ ջանքերը չեն գնահատվում։ Բայց պարոն Մինասյանն այս միջնորդությամբ այս իմ ողջ պատկերացումները հերքեց։ Շնորհակալ եմ արդարադատության նախարարին նրա համար, որ ինքը համարել է հնարավոր ինձ ԲԴԽ առջև կանգնեցնել այս ծիծաղելի մեղադրանքներով։ Ինձ մեղադրել նրա մեջ, որ ես փորձել եմ հեղինակազրկել դատական իշխանությունը, ուղղակի զավեշտ է։ Սա նշանակում է, որ ես եղել եմ արդար դատավոր, հիմնականում փորձել եմ դատավարական ժամկետները չխախտել, նշանակում է, որ մինչ այդ իմ տված բոլոր հարցազրույցները, ելույթներն արդար ու ազնիվ են եղել, կատարվել են ազնիվ մղումներով։

Զգացված եմ։ Շատ ուրախ եմ, որ ես այս կարգավիճակով պարզ ճակատով հիմա կանգնած եմ ձեր առջև»։

Նշենք, որ արդարադատության նախարարությունը դատավորին վերագրվել է վարքագծի կանոնների որոշակի խախտումներ, մասնավորապես դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի (Դատավորի վարքագծի ընդհանուր կանոնները) 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով (Ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի, զերծ մնալ որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ կամ կողմի օրինական ներկայացուցիչ) սահմանված խախտումներ։

Նախօրեին նիստին ԱՆ ներկայացուցիչը նշել էր, որ արդարադատության նախարարի հունվարի 31-ի որոշման պատճառ են հանդիսացել երեք լրատվամիջոցներին Զարուհի Նախշքարյանի տված հարցազրույցները, ինչպես նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում «Զարուհի Դանիելյան» օգտատիրոջ կողմից արված հրապարակումները։

Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Զ. Նախշքարյանն ասաց.

«Ինչի մասին եմ ես այնտեղ ասում։ Ասում եմ այն, ինչի մասին խոսել եմ տարբեր հարթակներում տարբեր քննարկումների ընթացքում, ԲԴԽ, միջազգային կազմակերպությունների նախաձեռնած քննարկումներին։ Քննարկումների բոլոր մասնակիցներն անընդհատ այդ հարցը փորձել են լուծել տարբեր եղանակներով։

Փաստն այն է, որ այս պահի դրությամբ նույն վիճակն է։ Հինգ տարի է։ Փոխվել է ԲԴԽ կազմը։ Բոլոր այդ կազմերն ականատես են եղել, որ այդ հարցերը ես բաձրացնում եմ։

Արդյո՞ք այդ հարցը վերաբերվել է ԲԴԽ-ին։ Այո։ Արդյո՞ք ես իրավունք ունեմ արտահայտվել դատական իշխանությանն անմիջականորեն վերաբերող հարցերի առնչությամբ։ Այո։ Այդյո՞ք ես օգտվում եմ կարծիք հայտնելու իրավունքից։ Այո։ Արդյո՞ք կարծիք եմ հայտնել այս նյութերում։ Ոչ»։

Նրա բնորոշմամբ աննախադեպ երևույթ է՝ 4 անգամ 4 վարույթներում կանգնել է ԲԴԽ դահլիճում, որևէ վարույթով ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրը հարցեր է ուղղել այս վարույթով ինձ, որևէ վարույթով նման բան չկա. «Այս մի փաստն առնվազն ի ցույց է դնում, որ միջնորդությունը խնդրահարույց է վիճելի իմաստով։ Եթե վիճելի է, ապա բոլոր չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ ինձ»։

«Ձեզ թվում է՝ ինձ հաճելի՞ է այստեղ հայտնվել, առհասարակ ինձ հաճելի՞ է մնալ դատավոր։ Մենք խոսում ենք դատական իշխանության հեղինակության մասին։ Բարի։ Մինչ դատավոր դառնալը, ես աշխատել եմ որպես փաստաբան, ունեցել եմ որոշակի հեղինակություն։ Այդ հեղինակությունը ես կապիտալիզացրել եմ դատական իշխանության հեղինակության բարձրացման համար, 10 տարի շարունակ իմ բարեխիղճ, անկաշառ, աներկբա, առանց որևէ շեղումների, բացառապես օրենքի և ներքին համոզման սկզբունքներով իրականացրել եմ արդարադատություն։ Դրա վառ ապացույցն այն է, որ այս միջնորդությունը բերվել է հենց այս հիմքով, որովհետև այլ բան դժվար է ինձ հետ կապել, պարզապես հնարավոր չէ։

Եթե խորհուրդը համարի, որ ես այս բոլոր պայմանների հաշվառմամբ չպետք է մնամ դատավոր, չպետք է շարունակեմ իմ գործունեությունը, ես «օկ» եմ դրա հետ, գտնում եմ, որ դա լավ գին է, որն առաջարկվում է իմ աթոռի համար։

Որևէ խնդիր չեմ տեսնում, անհանգստություն չեմ ապրում, դեռ մեծ հարց է, թե որը ես կնախընտրեի։ Բայց դուք, հարգելի ԲԴԽ անդամներ, դժվար որոշման կայացման առջև եք կանգնած, որովհետև այս վարույթը խոսքի ազատության մասին է, չլուծված խնդիրների քննարկման մասին է, ի վերջո այդ խնդիրների լուծման մասին է։

Եթե իմ վարույթը, միջնորդության ամբողջական բավարարումը կամ իմ լիազորությունների դադարեցումը կծառայի այն նպատակին, որ այս հարցը կլուծվի և դատավորներին չեն զոհաբերի կարգապահական վարույթների միջոցով, ես ինձ շատ երջանիկ կզգամ ու բավարարված։

Հիմա մենք ի՞նչ ենք ուզում։ Ուզում ենք, որ դատավորները որևէ կերպ չարտահայտվե՞ն, չբարձրաձայնե՞ն իրենց խնդիրներն այդ թվում նաև ԲԴԽ առջև, չպե՞տք է քննադատեն արդարադոտության նախարարին և իր անգործությունը, չպետք է քննադատեն օրենսդիր մարմնին, որովհետև մեզ այս վիճակի մեջ է թողել։ Մենք պետք է ձեզ դա ասենք, որովհետև դուք եք սահմանադրական այն մարմինը, որ պետք է լուծում տա այս հարցերին։ Եթե մեր նպատակն այն է, որ մենք այդ մասին չխոսենք, ապա այո, նման որոշում կարող է կայացվել։

Իսկ եթե ոչ, նպատակը դա չէ, ապա, կարծում եմ, որ այս միջնորդությունը չի կարող բավարարվել։

Թող նախարարությունն ինձ հեռացնելու այլ պատճառ մտածի, եթե ինքն արդար է»,- իր ելույթում ասաց դատավոր Զարուհի Նախշքարյանը։

Panorama.am