Միրզոյանն ընդունել է Կլաարին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ Կլաարը Երևան է ժամանել փետրվարի 23–ին։ Նրան արդեն ընդունել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԵՄ հատուկ ներկայացուցիչն առաջիկայում լինելու է մեր տարածաշրջանում, մտադիր է խորհրդակցությունների շարք անցկացնել Մյունխենի հանդիպումների արդյունքներով։
Sputnik Արմենիա