2023-03-06 19:12
Լրատվական գործակալություններ
ԵՄ-ն ափսոսանք է հայտնել և կոչ արել հետաքննել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը
Եվրամիությունը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական դիվերսիոն գործողությունները և կոչ արել հետաքննել միջադեպի հանգամանքները:
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մեկնաբանության մեջ ասվում է, որ Բրյուսելն ափսոսանք է հայտնում շփման գծում տեղի ունեցած բռնության դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ:
«Մարդկային կյանքեր խլած այս միջադեպի հանգամանքները պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու հետագա ցանկացած գործողություն, որը կարող է էլ ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և վտանգել խաղաղ գործընթացը», -նշված է հաղորդագրության մեջ։
Sputnik Արմենիա