Սոթքում հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցներ են հնչել

Գիշերը հանգիստ չի անցել Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի դիրքերում։ Սոթքի բնակիչներից մեկը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ գիշերը կրակոցի ձայներ են լսվել, ադրբեջանցիները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

«Գիշերը 10-ից հետո Սոթքում տեղակայված հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցներ են հնչել։ Դրանք մի քանի րոպե են տևել»,- հայտնեց բնակիչներից մեկը՝ հավելելով, որ վերջին երկու շաբաթում առաջին անգամ են գյուղում կրակոցների ձայներ լսել։

Տեղեկությունը փորձեցինք պարզել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Նախարարաության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հրադադարի խախտումների վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածում։ Մեր դիտարկմանը՝ եթե մինչև այժմ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն չի տարածել, կարելի՞ է ենթադրել, որ կրակոցներ չեն եղել, Թորոսյանը հստակեցրեց. «Հրադադարի ցանկացած ինտենսիվ խախտման պարագայում ՀՀ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածում է»,- ասաց Թորոսյանը։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ կրակոցներ եղել են, բայց ոչ ինտենսիվ, ուստի ՊՆ-ն հաղորդագրություն չի տարածել։