ՍԽԱԼ ՏԵՂՈՒՄ ԵՔ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ՓՆՏՐՈՒՄ, ՏԻԿԻՆ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ

ՀՀ Գլխավոր դատախազությունը երեկ տեղեկացրեց պետական դավաճանության դեպքերի բացահայտման գործում իր հերթական հաջողության մասին։ Մարտի 7-ի հաղորդագրության համաձայն՝ այս անգամ լրտեսության մեջ մեղադրվում է N զորամասի նյութատեխնիկական ապահովման գծով հրամանատարի տեղակալ, ՀՀ ԶՈւ մայոր Ա.Ն.-ն: Գլխավոր դատախազության տվյալներով՝ նա Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվել է 2021 թվականի սեպտեմբերին ՝ գերության մեջ եղած ժամանակ: Այս դեպքին կանդրադառնանք ավելի ուշ, իսկ առայժմ ուշադրություն դարձնենք այս հարցի վերաբերյալ վերջին 6-7 ամիսների վիճակագրությանն ու միտումներին։

2022 թվականի հունիսի 27-ին առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ 50-ից ավելի հայ զինծառայողներ որպես մեղադրյալ են անցնում պետական դավաճանության գործերով, հավելելով. «Մենք էս բոլոր տարիներին բանակի կենացն ենք խմել, բայց այն, ինչ հիմա է կատարվում, ես նկատի ունեմ քրեական գործերը՝ մեկը մյուսի հետևից…»։ Նա հայտարարեց նաև, թե իբր՝ մինչև 44-օրյա պատերազմը չէր կարող խոսել 2018-ից շատ առաջ հայկական բանակում առկա խնդիրների մասին, ինչպես որ չէր կարող նաև լույս սփռել 2016-ի ապրիլյան ահագնացման հանգամանքների վրա։ Եվ այն, որ հիմա իրեն կշտամբում են 2020 թվականի պատերազմը կանխել չկարողանալու կամ չցանկանալու համար, Փաշինյանի տեսանկյունից, ոչ մի քննադատության չի դիմանում։

Փորձագետների միահամուռ կարծիքով՝ հայկական բանակը քանդած այդ մարդու սույն բառահեղեղի մեջ առանձնացնենք վերջին նախադասությունը, որի համար էլ, անկասկած, արտասանվեց ամբողջ ճառը։ Այն է. կշտամբանքները իր՝ «անբասիրի» հասցեին ոչ մի քննադատության չեն դիմանում, քանզի խնդիրները հայկական բանակում եղել են իր իշխանության գալուց շատ առաջ, պարզապես ինքը չէր կարող դրանց մասին խոսել պատերազմից առաջ։ Ասվածն ունի կրկին նույն, ճղճիմ իմաստը. Փաշինյանը շարունակում է ամեն կերպ իր վրայից գցել պետության ու ժողովրդի դեմ սարսափելի հանցագործությունների, այդ թվում՝ պատերազմի, պարտության և բանակի հետ կապված խնդիրների կանխման անկարողության մեղքը։

Եվ անում է դա, բացի ամենից, նաև դավաճանության ու լրտեսության բազմաթիվ դեպքերի «բացահայտման» միջոցով, որոնք կոչված են հաստատելու ՀՀ զինված ուժերում տիրող անմխիթար վիճակն ու ամեն ինչում մեղադրելու սպաներին և զինվորներին, որոնք պատրաստ են, իբր, 50-100 դոլարով թշնամուն վաճառել պետական գաղտնիքներն ու այլ տեղեկություններ։ Միաժամանակ Փաշինյանը նպատակ ունի վարկաբեկել բանակը, առավելագույնս նսեմացնել նրա նշանակությունը պետության համար, վերջնականապես ոչնչացնել հպարտության այն զգացումը հայ զինվորի համար և բանակի հանդեպ այն անսահման վստահությունը, որը մենք ունեցել ենք նախքան իր իշխանության գալը։ «Կենացների» հիշատակումն այս համատեքստում նույնպես պատահական չէ։

Ավելի քան 2 ամիս անց՝ սեպտեմբերի 4-ին, Sputnik Արմենիայի լրագրող Դավիթ Գալստյանը գրեց, որ ի պատասխան իր հարցմանը՝ ԱԱԾ-ն հրաժարվել է հայտնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից պետական դավաճանության և լրտեսության մեջ մեղադրվողների թիվը։ Մերժումը պատճառաբանվել է նրանով, թե իբր՝ «հայցվող տեղեկատվությունը պարունակում է քրեական վարույթի տվյալներ, որոնք ենթակա չեն հրապարակման»։ Մինչդեռ, ինչպես նշել է Գալստյանը, հուլիսի 11-ին Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ պետական դավաճանության փաստով 2020թ. սեպտեմբերի 27-ից ԱԱԾ քննչական վարչությունում հետաքննվում է 10 քրեական գործ, որպես մեղադրյալ անցնում է 43 անձ, որոնցից 10-ը կալանավորված են: Եվս 3 քրեական գործ, որոնք վերաբերում են 12 անձի, արդեն ուղարկվել է դատարան, 11 մեղադրյալ կալանավորված է։

Տարօրինա՞կ է։ Ամենեվին։ Պետական համակարգում տիրող քաոսը և տարբեր գերատեսչությունների գործունեության որևէ համակարգման բացակայությունը վաղուց արդեն հանրահայտ փաստ են և ոչ մեկին չեն զարմացնում, ընկալվում են ավելի շուտ որպես օրինաչափություն։ Մյուս տարօրինակությունն այն է, որ նախկինում պետդավաճանության բացահայտման դեպքերի մասին հայտնում էր բացառապես Ազգային անվտանգության ծառայությունը։ Իսկ այն հաղորդագրությունը, որը մենք ներկայացրեցինք սույն հոդվածի սկզբում, ստացվել է Գլխավոր դատախազությունից։ Թե նշանակում է արդյոք դա, որ Փաշինյանի նախկին օգնական Աննա Վարդապետյանը, որը նշանակվել է գլխավոր դատախազի բարձր պաշտոնում առանց այդ կառույցում աշխատանքի չնչին իսկ փորձի, շեֆի հրամանով իր ձեռքն է վերցնում այդ կարգի գործերը, դատել հանձն չենք առնի։ Լոկ կարձանագրենք փաստը։

Իսկ հիմա ամենահետաքրքիրը Վարդապետյանի գլխավորած գերատեսչության երեկվա հաղորդագրության մեջ։ Դրանում ասվում է, որ մայոր Ա.Ն.-ն, մեկ այլ զինծառայողի՝ Ա.Տ.-ի հետ միասին, 2021 թվականի հուլիսին Սյունիքի մարզի Իշխանասար լեռան մոտ գտնվող Սև լճի մոտակայքի մարտական դիրքեր «Ուրալ» բեռնատարով պարենամթերք տեղափոխելիս եղանակային վատ պայմանների պատճառով հայտնվել է հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, գերեվարվել և տեղափոխվել Բաքու։ Մինչև 2021 թվականի սեպտեմբերի 7-ը գտնվելով Բաքվի բանտերից մեկում՝ նա ստորագրել է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցության համաձայնագիր։ Նույն թվականի սեպտեմբերի 7-ին Ա.Ն.-ն վերադարձել է Հայաստան և 2021 թվականի դեկտեմբերին նշանակվել ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ։

«Պաշտոնավարման ընթացքում Ա.Ն.-ն օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է հանձնել պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ, այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, որպես վարձատրություն ստանալով 20, 200 ԱՄՆ դոլար», - պնդում է Գլխավոր դատախազությունը:

Թե արել է արդյոք մայոր Ա.Ն.-ն այն ամենը, ինչում իրեն մեղադրում են, կրկին իսկ հանձն չեմ առնում դատել. բացարձակապես հավատ չկա պետական ոչ մի կառույցի, առավել ևս՝ անձամբ Փաշինյանին ծառայող անհասկանալի տիկնոջ գլխավորած գերատեսչության նկատմամբ։ Բայց փորձենք հասկանալ հաղորդագրությունը մեկ այլ, շատ ավելի կարևոր տեսանկյունից:

Երկու ամսից կլրանա 2 տարի, ամբողջ 2 ՏԱՐԻ՝ այն պահից ի վեր, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք և բռնազավթեց, պաշտոնական տվյալներով, 150 քառ.կմ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ մոտ 200։ Դա տեղի ունեցավ 2021 թվականի մայիսի 12-ին, իսկ մայիսի 28-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող ողորմելին հնչեցրեց իր բազմաթիվ հակահայկական հայտարարություններից մեկը. «Մենք Սև լճի էդ 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու»։ Այսինքն Փաշինյանն ինքը հրապարակավ թույլ տվեց Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում, փաստացի հաստատելով, որ ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ թշնամին զավթել է հայկական հողերը։

Ո՞Վ Է ԱՅՍՕՐ՝ 2 ՏԱՐԻ ԱՆՑ, ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԱՅԴ ՀԱՐՑԸ։ Ոչ ոք։ Ավելին, հասարակության մեջ վստահություն կա, թե այդ տարածքները թուրքերին են հանձնվել գիտակցաբար և անվերադարձ. դե, հո կռիվ չենք սկսելու դրանց համար։ Ոչ ոք չպատժվեց այն բանի համար, որ թշնամին խախտել է Հայաստանի պետական սահմանը, ներխուժել պետության ինքնիշխան տարածք, զավթել այն և հետո նկատելիորեն խորացել։ Ոչ մի գեներալ, ոչ մի զինվորական պաշտոնյա պատասխանատվության չենթարկվեց, չենք խոսում արդեն այն մասին, որ իր հանցավոր հայտարարության համար պատասխանատվության չենթարկվեց կառավարության ղեկավար կոչեցյալը։

Իսկ այ մայորին, որը պատահաբար, եղանակային պայմանների պատճառով գերեվարվել է իր իսկ՝ հայկական հողում, հենց Սև լիճ լճի շրջանում, այն տարածքում, որը ցուցադրաբար հրաժարվեց պաշտպանել Փաշինյանը, մեղադրում են պետական դավաճանության մեջ։ Այն բանում, թե նա «վնաս է հասցրել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և արտաքին անվտանգությանը»։

Կրկնեմ. գուցեև հասցրել է։ Բայց ո՞վ թույլատրեց բռնազավթումը, իսկ հետո էլ դեռ արդարացրեց դա։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն ու իր դավաճանների թիմը։ Հենց նա է, իր հանցակիցների հետ մեկտեղ, առաջին, երկրորդ, երրորդ և տասներորդ հերթին մեղավոր, որ հայ զինվորականները գերի են ընկնում սեփական տարածքում։ Հենց նրա և իր առջև սողացող գեներալների մեղքով է բռնազավթվել Արցախի մեծ մասը և Հայաստանի 150-200 քառ.կմ տարածքը։

Այնպես որ, տիկին (ներողություն եմ խնդրում) Վարդապետյան, քանի որ դուք հիմա ձեռնամուխ եք եղել պետական դավաճանության դեպքերի բացահայտմանը, սկսեք ամենավերևից, այնտեղից, որտեղ նստած է ձեր շեֆը՝ առաջին և գլխավոր դավաճանը։ Նրա տանը փնտրեք ի տես ամենքի կարկանդակներ ու եգիպտացորեն խժռող ինքնասիրահարված ու լկտի անձնավորությանը՝ Էրատո մականունով (նրա ավելի կոպիտ մականունը՝ կապված պատերազմի օրերին բունկերում ծվարելու հետ, չեմ նշի՝ պարկեշտության նկատառումներով): Բացահայտեք պետական դավաճանության գործը գլոբալ իմաստով՝ ամենաբարձր մակարդակով, և միայն դրանից հետո անցեք սլաքավարներին։

Հնարավոր է, որ Հայաստանի զինված ուժերի ինչ-որ սպաներ և շարքայիններ հավաքագրվել են Բաքվում դաժան խոշտանգումներից հետո։ Բայց նրանց գործողություններով երկրի տարածքային ամբողջականությանն ու արտաքին անվտանգությանը հասցված վնասը հաստատ բացարձակապես համեմատելի չէ այն աղետի հետ, որին ենթարկեցին մեր Հայրենիքը Հայաստանում իշխանությունը զավթած թուրքական գործակալները։