ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։

«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա»,– ասված է հաղորդագրությունում։

Մարզպետն անդրադարձել է նաև շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։

Քվինը կրկնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի` Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու կոչը։

Sputnik Արմենիա