ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է. ԻՆՉՈ՞Ւ Է ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԻՐԵՆ ՎԵՐԱԵՆԹԱՐԿԵԼ ԿԽՄԿ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Օրերս արտաքին քաղաքականության գծով Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը ծավալուն հարցազրույց է տվել, որում, բացի ամենից, անդրադարձել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը։ Բաքվի պաշտոնյաներին հատուկ լկտիությամբ՝ նա գրեթե բաց տեքստով սպառնալիք և մեղադրանքներ է հնչեցրել հեղինակավոր միջազգային կազմակերպության հասցեին՝ հայտարարելով, թե վերջինս, իբր, «գրեթե ոչինչ չի անում անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու համար»։

Իսկ ԿԽՄԿ-ի հանդեպ ալիեվյան ռեժիմի գլխավոր դժգոհությունն այն է, որ կազմակերպության Ստեփանակերտի բաժանմունքը «դեռևս ենթակա է ոչ թե Բաքվին, այլ Ժնևին և լոգիստիկ առումով կապված է Երևանի հետ»: «Ցավոք, կոմիտեն չարաշահում է մեր վերաբերմունքը։ Մենք արդեն պաշտոնապես կոչ ենք արել ԿԽՄԿ-ին վերջ տալ Ադրբեջանի ինքնիշխանությանը հակասող այդ գործելաոճին և մեզ տրամադրել կոնկրետ ժամանակացույց՝ Ստեփանակերտի իր գրասենյակը Բաքվին վերաենթարկելու համար»,- հայտարարել է «դիվանագետ» Հաջիևը։

ԿԽՄԿ-ն այն սակավաթիվ միջազգային կազմակերպություններից է, որ երկար տարիներ իր ներկայացուցչությունն է ունեցել Արցախի Հանրապետությունում և պահպանել դա 44-օրյա պատերազմից հետո։ Խորամուխ չլինելով, բնականաբար, Ստեփանակերտի գրասենյակի գործունեության մանրամասների մեջ, հարց տանք. ինչո՞ւ հենց հիմա Բաքվում որոշեցին վերջնագիր ներկայացնել ԿԽՄԿ-ին՝ պահանջելով «վերաենթարկվել» իրենց։ Մի՞թե բանն այստեղ միայն «Ադրբեջանի ինքնիշխանությանը հակասելն» է, թեև հասկանալի է, որ իր կանոնադրությամբ, սկզբունքներով ու նպատակներով շարժվող հումանիտար կազմակերպության գործունեությունը ոչ մի կերպ չի կարող «հակասել» որևէ մեկի ինքնիշխանությանը։

Ուշադրություն դարձնենք ևս մեկ հանգամանքի. Ստեփանակերտի գրասենյակը, բնականաբար, ենթարկվում է Ժնևում տեղակայված ԿԽՄԿ կենտրոնակայանին, սակայն Հաջիևը պահանջում է «վերաենթարկել» այն Բաքվի գրասենյակին, որպեսզի վերջ տրվի Երևանի հետ «լոգիստիկ կապին»։ Ինչո՞ւ։

Արցախի շրջափակման արդեն չորրորդ ամիսն է։ Չնայած ամենահեղինակավոր դատական ատյանների՝ ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումներին, Բաքուն հրաժարվում է բացել Բերձորի միջանցքը՝ նպատակ ունենալով ահաբեկչական մեթոդներով հասնել մաքսիմալիստական քաղաքական նպատակների և ճանկել ամբողջ Արցախը. ցանկալի է՝ առանց հայերի։ ՀՀ իշխանությունների անթաքույց ազգադավության պայմաններում դրա միակ խոչընդոտը դարձավ Արցախի ժողովրդի արիությունն ու տոկունությունը, որը մտադիր չէ հանձնվել ու լքել իր Հայրենիքը, չնայած զրկանքներին և ֆիզիկական ու հոգեբանական բնույթի ծանր փորձություններին:

Փաստացի հումանիտար ճգնաժամի պայմաններում արցախցիներին օգնություն ցուցաբերելու հնարավորություն ունեն միայն Ռուսական խաղաղապահ զորակազմը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Հենց ԿԽՄԿ-ի շնորհիվ է, որ հաջողվեց վերամիավորել բազմաթիվ ընտանիքների, Հայաստան տեղափոխել ծանր հիվանդ մարդկանց՝ այդպիսով փրկելով տասնյակ կյանքեր, ինչպես նաև կազմակերպել նվազագույն քանակությամբ մարդասիրական օգնության առաքում։

Ոչ մի արտակարգ բան դրանում չկա. Կարմիր խաչն Արցախում իր առաքելությունն իրականացնում է ճիշտ այնպես, ինչպես երկրագնդի ցանկացած այլ կետում, հավատարիմ մնալով իր առաքելությանը։ Հանձն չենք առնի դատել, թե հնարավոր է արդյոք անել ավելին, միայն փաստենք, որ առանց ԿԽՄԿ-ի օգնության Արցախի ժողովուրդը շատ ավելի ծանր վիճակում կլիներ։

Հենց դա էլ կատաղեցնում է Բաքվին, և հենց այդ պատճառով այնտեղ հանկարծ հիշեցին «վերաենթարկման» մասին։ Դեռևս մեկ-երկու ամիս առաջ ադրբեջանական մամուլում հայտնվեցին վերևից պատվիրված հոդվածներ, որոնց հեղինակները ճամարտակում էին «միջազգային իրավունքի, մարդասիրության և օրինականության» մասին և զայրալից հարցնում, թե ինչո՞ւ, իբր, Բաքվի հետ չի համաձայնեցվում վերջին երկու տարիներին Ստեփանակերտում ԿԽՄԿ գրասենյակի ֆինանսավորման և աշխատակիցների թվի ավելացումը։ Ամենայն հավանականությամբ, հեղինակների մտավոր և այլ ունակությունները թույլ չեն տալիս հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ աղետալի պատերազմից հետո մարդասիրական օգնության Արցախի կարիքները կտրուկ աճել են, և ԿԽՄԿ ղեկավարությունը պարզապես արձագանքում է իրողություններին։

Մամուլում «հրետանային նախագրոհից» հետո Բաքուն անցավ կազմակերպությանը փաստացի վերջնագիր ներկայացնելուն, ինչն էլ արձանագրեց Ալիևի օգնականը։ Նպատակը միանգամայն հասկանալի է. «վերաենթարկման» միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են վերահսկողություն ստանալ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի գործունեության նկատմամբ և եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասամբ կասեցնել Արցախի ժողովրդին ցուցաբերվող մարդասիրական օգնության ծավալներն ու ինտենսիվությունը։

Ո՛չ «միջազգային իրավունքի», ո՛չ էլ «օրինականության» հոտ անգամ այստեղ, բնականաբար, չի գալիս. խոսքը անմարդկայնության և ահաբեկչության հերթական դրսևորման մասին է, որոնք Բաքուն փորձում է լեգիտիմացնել շրջափակման պայմաններում Արցախում դեռևս գործող միջազգային միակ կազմակերպության միջոցով։

Մինչդեռ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը դեռևս մեկ ամիս առաջ պաշտոնական մեկնաբանություն է տվել՝ ի պատասխան ԶԼՄ-ների սադրիչ հրապարակումների, նշելով, որ վերջիններս «փոքր-ինչ թյուր տեղեկություններ ունեն ԿԽՄԿ-ի մասին»։ Կազմակերպությունն ընդգծում է «չեզոք մարդասիրական գործունեության համար տարածքի պահպանման կարևորությունը», նշելով, որ չեզոքությունը տվյալ դեպքում «անհրաժեշտություն է, այլ ոչ թե ընտրության հարց»:

«Մենք միշտ հավատարիմ ենք մնացել այն հիմնական սկզբունքներին, որոնցով առաջնորդվում ենք մեր աշխատանքում. չեզոքություն, մենք չենք միջամտում քաղաքականությանը և նախապատվություն չենք տալիս կողմերից որևէ մեկին, ինչպես նաև անկողմնակալություն. օգնություն տուժած մարդկանց՝ անկախ այն բանից, թե որտեղից են նրանք, որտեղ են ապրում և ինչին հավատում: Չեզոքության և անկողմնակալության մեր սկզբունքները ոչ բոլորին են լավ հասկանալի, բայց անքակտելի են մնում մեր մարդասիրական գործունեությունից»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Կասկածից վեր է, որ այդ սկզբունքներն այդպես էլ անհասկանալի կմնան նրանց համար, ովքեր առաջնորդվում են մարդակերական բնազդներով, փորձելով շրջափակմամբ խեղդել ու ոչնչացնել Արցախի ժողովրդին՝ ազատություն ու անկախություն ընտրելու համար։ Եվ պաշարված հանրապետությունում հենց Կարմիր խաչի մարդասիրական գործունեությունն է այդքան նյարդայնացնում ցեղասպանածին պետությանը, որն իր հրեշավոր նպատակների իրականացման համար պատրաստ է մարդկության և մարդասիրության դեմ ցանկացած հանցագործության։

Ուստի շատ կարևոր է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հավատարմությունն ու հանձնառությունը Արցախում իր առաքելությանը և նրա ղեկավարության սկզբունքայնությունը, որը, հուսով ենք, չի ենթարկվի շանտաժին ու սպառնալիքներին և կշարունակի մարդասիրական գործունեությունն Արցախում: Ելնելով բացառապես իր հռչակած նպատակներից. «մարդասիրական պաշտպանությամբ և օգնությամբ ապահովել պատերազմի և զինված բռնության զոհերին»։

Ու նաև մի փոքր հույս տալով արցախահայությանը, որ համաշխարհային հանրությունը, ի դեմս թեկուզ մեկ կազմակերպության, առաջնորդվում է ոչ թե ցինիկ վառելիքաէներգետիկ և աշխարհաքաղաքական կատեգորիաներով, այլ հավատարիմ է մնում մարդու իրավունքների, մարդասիրության և բարոյականության բարձրագույն արժեքներին։