Պապիկյան․ Սատանայի հետ էլ կհամագործակցեմ

Մենք քաղաքական պատասխանատվությունից չենք խուսափում. մենք իրականությունը, ճշմարտությունը ներկայացնելուց չենք խուսափում, եթե կան խնդիրներ, այդ խնդիրները բոլորինս են, մանավանդ, եթե դրանք վերաբերում են բանակին: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա անդրադարձավ գնահատականներին, որ երբ բարձրաձայնվում է 44-օրյա պատերազմի պատճառների, նաև հետպատերազմյան շրջանում դավաճանության մասին, դրանով իրենք անվանարկում ու որակազրկում են բանակը. «Ժողովուրդ, ես առաջարկում եմ գնահատականներ հնչեցնելիս դրանք չտարածել Զինված ուժերի վրա: Եթե Զինված ուժերում կան դավաճանական բարքեր, պետք է դրանք արմատախիլ արվեն ու դա պետք է անել համատեղ: Բայց դա տանել նրան ու ասել՝ «ամբողջ բանակին ասում են դավաճան, ոչ մեկ չի ուզում զինվորական դառնալ», էդ մտածելակերպով հեռու մնացեք բանակից, մի՛ փչացրեք առկա մթնոլորտը»,- նշեց Պապիկյանը:

Նախարարը կոչ արեց չհամարձակվել իրենց իշխանությանը «հեռացնել բանակից».

«Մենք մեր բանակի առաջամարտիկն ենք, մենք մեր բանակի մի մասն ենք։ Գնացեք, հարցրեք, թե ինչ սրտացավությամբ ենք մենք վերաբերվում Զինված ուժերի խնդիրներին»,- ընդգծեց նա։

Պաշտպանության նախարարը հայտարարեց՝ պատրաստ է համագործակցել յուրաքանչյուրի հետ. «Սատանայի հետ էլ կհամագործակցեմ, մենակ մեր բանակի համար լավ լինի, բայց 5-րդ շարասյան հետ չեմ համագործակցի»,- ընդգծեց Պապիկյանը։

News.am