Բնակիչները դիտորդների հետ հույսեր են կապում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը սահմանի երկայնքով դիտարկում իրականացնելուց զատ նաև պարեկություն է իրականացնում սահմանամերձ շրջաններում, գյուղերում, ԵՄ առաքելության ներկայացուցիչները զրուցում են գյուղացիների հետ, արձանագրում նաև, թե նրանք երբ ու որքան կրակոցներ են լսել: ԵՄ առաքելության ներկայությունը մարդկանց որոշ առումով խաղաղության հույս է տալիս, ոմանք նկատել են՝ նրանց գալուց ի վեր փոքր-ինչ քչացել են կրակոցները: Առաքելությունն էլ արձանագրած տեղեկությունները ամենշաբաթյա ռեժիմով ներկայացնում է Բրյուսել:

 

«Արմենպրես»-ն այցել է Եղեգնաձոր՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ շտաբ, նաև հնարավորություն ունեցել Մարտունու՝ այսպես ասած դաշտային գրասենյակում տեղակայված դիտորդների հետ այցելել Սոթք, որտեղ նրանք իրականացրել են պարեկություն, զրուցել մարդկանց հետ:

Մարտունու խմբի փոխղեկավար Խրիստոս Հաջիթեոդուլուն, ով Կիպրոսից է, ցույց է տալիս Սոթք գյուղի մուտքից դեպի սահման հեռավորությունը՝ 8 կմ, դա Հայաստանի ճանաչված սահմաններով, սակայն ադրբեջանցիները Հայաստանից տարածքում 3, երբեմն 4 կմ ներս են մտել, այսպիսով՝ շատ ավելի մոտ են:

Խրիստոս Հաջիթեոդուլուն խմբի հետ ամենօրյա առաքելություն է իրականացնում: Գյուղացիները հատկապես գիշերային ժամերի կրակոցների մասին դիտորդներին հաճախ են հայտնում: Ադրբեջանցիները շարունակում են կրակել սահմանին շատ մոտ գյուղերի ուղղությամբ:

«Բայց նույնիսկ այստեղ՝ Սոթքում, մարդիկ մեզ մի քանի անգամ ասել են, որ կրակում են հատկապես գիշերները: Մարդիկ ասում են, որ մի փոքր վախեցած են, բայց հիմա ավելի ապահով են զգում՝ այն ժամանակից ի վեր, ինչ մենք այստեղ ենք: Նրանք ասում են, որ ադրբեջանական կողմից կրակոցների դեպքերը գնալով քչանում են: Մենք կրակոցների մասին ինֆորմացիա ենք ստանում, երբեմն էլ մենք ենք հենց լսում կրակոցներ: Եվ, անշուշտ, ամեն օր զեկույց ենք պատրաստում ու դրանք ուղարկում ենք Բրյուսելին՝ Եղեգնաձորում մեր կենտրոնակայանի միջոցով»,-ասում է Հաջիթեոդուլուն:

Գյուղացիները պատմում են՝ կրակոցներ հիմնականում գիշերն են լինում: Սակայն նկատել են նաև՝ Եվրամիության դիտորդների գալուց ի վեր համեմատաբար ավելի քիչ են կրակում:

«Նկատել ենք՝ մի քիչ խաղաղ է: Առաջ շատ էին կրակոցները: Ժողովուրդը վախեցած է: Լարված վիճակում ոչ մեկի համար հաճելի չէ: Բայց հիմա մի քիչ հույս կա, զգացվում է՝ մի քիչ փոխվել է, իրենց (խմբ ԵՄ դիտորդների) գալն օգուտ է»,-պատմում է Սոթքի բնակիչ Կիմ Կարապետյանը:

Եվրամիության քաղաքացիական առաքելությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է այս տարվա փետրվարի 20-ից:

«Հայաստանում ԵՄ առաքելության հիմնական խնդիրն առաջին հերթին Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով ու առճակատման գծով պարեկություն իրականացնելն ու դրա մասին զեկուցելն է: Մենք ամեն օր պարեկներ ենք ուղարկում՝ ցույց տալու դրոշ և հանդարտեցնելու լարվածությունը: Երկրորդ խնդիրը մենք կոչում ենք հումանիտար անվտանգության պարեկություն: Մենք կանոնավոր կերպով այցելում ենք գյուղեր, որոնք տուժել են կոնֆլիկտի պատճառով՝ մարդկանց տալու անվտանգության զգացողություն, որ այնտեղ ապրող մարդիկ տեսնեն՝ միջազգային հանրությունը հոգ է տանում: Եվ մեր երրորդ խնդիրը, որն ավելի միջնաժամկետ խնդիր է, ադրբեջանական կողմի հետ վստահության ամրապնդման ուղղությամբ որոշակի միջոցներ ձեռնարկելն է: Բայց այս պահին դա շատ դժվար է: Այսպիսով՝ մենք պետք է գտնենք ուղիներ՝ կանգնեցնելու դա: Բայց այս պահին մեր գլխավոր խնդիրը պարեկություն իրականացնելն է»,-ասում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Րիտերը:

Եվրամիության անձնակազմը բաղկացած կլինի 103 հոգուց, 45-ը՝ դիտորդ, այսինքն՝ օպերատիվ, մնացածն ադմինիստրատիվ անձնակազմն է: Այս պահին Հայաստանում է դեռևս 50-ը: Նախատեսում են ներգրավել նաև 35 տեղացիների: Դիտորները Եվրամիության գրեթե բոլոր երկրներից են: Առաքելության շտաբը Եղեգնաձորում է: Սակայն դիտորդները օպերատիվ տեղակայման վայրերում կլինեն՝ Իջևանում, Մարտունիում, Ջերմուկում, Գորիսում, Կապանում, նաև Եղեգնաձորում՝ ծածկելու Արարատի մարզը։ Այս պահին դեռևս միայն Կապանում, Ջերմուկում, Գորիսում և Մարտունիում են տեղակայված, սակայն պարեկություն են իրականացնում սահմանի գրեթե ողջ երկայնքով: Եվրամիության դիտորդները մնում են փոքր հյուրանոցներում: Գյուղերում պարեկություն են իրականացնում ամեն օր: Իսկ սահմանին պարեկությունը պլանավորում են 1 շաբաթ առաջ, մեկ շաբաթ առաջ դիտորդներն այդ մասին տեղեկացնում են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերին:

«Եթե մենք մոտ ենք գնում առճակատման գծին կամ միջազգային սահմանին, մենք ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով մեկ շաբաթ առաջ նախապես տեղեկացնում ենք ադրբեջանական կողմին, մենք ցանկանում ենք խուսափել որևէ առճակատումից կամ թյուրիմացությունից»:

Առաքելությունն ամենշաբաթյա զեկույցներ է պատրաստում ու ներկայացնում Բրյուսելին: Դրանք փակ են, չեն կիսում հայկական կամ ադրբեջանական կողմերի հետ: