Միրզոյանը դաշնակիցներին Ադրբեջանի պարտավորությունների կատարման հարցում ակտիվ քայլերի կոչ է արել

Հայաստանն այսուհետ ևս պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ՌԴ-ի հետ փոխշահավետ համագործակցության խորացման ուղղությամբ։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ-ի ղեկավար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

Խոսելով տարածաշրջանի իրավիճակի մասին՝ նախարարը նշել է, որ, ցավոք, իրավիճակը թեժանում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությամբ, ընդ որում՝ բարձր մակարդակով։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ շարունակվող ռազմական սադրանքներով, Լաչինի միջանցքի շրջափակմամբ, խախտելով երեք երկրների ղեկավարների եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև էներգառեսուրսների նպատակաուղղված խափանումներով Ադրբեջանը կասկած չի թողնում իր իսկական մոտիվբերի հարցում, այն է՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների իրականացում։

Նախարարն ընդգծել է պայմանավորվածությունների կատարման և Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության և ՄՔԴ-ի փետրվարի 22-ի որոշման իրականացման շրջանակում պարտավորություններին համապատասխան։ «Ցավոք, գործնականում նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չկա, որն Ադրբեջանը չի խախտել՝ հրադադարի ռեժիմի պարբերական խախտում, ՀՀ տարածքի օկուպացիա, Լաչինի միջանցքի անօրինական շրջափակում, հայ գերիների անօրինական պահում, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և այն տարածք հայերի վերադարձի խոչընդոտում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ավելին, Ադրբեջանը շարունակվող սադրանքներով վիժեցնում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերը։ Այս առնչությամբ նախարարն ընդգծել է Հայաստանի դաշնակիցների և գործընկերների ակտիվ քայլերի անհրաժեշտությունը, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները և դադարեցնի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման գործելակերպը։

News.am