Հայ-իրանական քաղաքական խորհրդակցության ժամանակ խոսվել է Լաչինի միջանցքի մասին

Հայ-իրանական քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են։ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր հերթական երկկողմ քննարկումն անցկացվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ։ Իրանցի փոխնախարարին ընդունել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, առևտրատնտեսական, տարածաշրջանային անվտանգության, բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Նա խոսել է դեռ նախորդ տարվանից շարունակվող Լաչինի միջանցքի արգելափակման ու դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մասին: Շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը:

Անդրադարձ է արվել տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումներին:

Նշենք, որ ավելի վաղ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին ընդունել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Sputnik Արմենիա