ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը

ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հաստատում ենք պատրաստակամություն՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերի իրագործման վերաբերյալ, ինչպես նաև աջակցության այլ ծրագրերի, որոնք ամրագրված են Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագծում», - հայտնել է Գալուզինը։

Նա ընդգծել է, որ պատրաստ են այդ աշխատանքին ճիշտ նույն չափով, որքան Հայաստանը։

Միխայիլ Գալուզինը նշել է նաև՝ ակնկալում են, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ կերպով:

«Մենք բաց քննարկում ենք հայկական կողմի բոլոր մտահոգությունները ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած Մշտական ​​խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է», - ասել է Գալուզինը։

ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ այժմ ակտիվ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում մայիս-հունիս ամիսներին նախատեսված արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների, ՀԱՊԿ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստերի համար։

Aysor.am