Առողջությանը սպառնացող խնդիր չի հայտնաբերվել. ՀՀ ՍԱՏՄ-ն պատասխանել է Ռոսսելխոզնադզորին

Կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում է՝ համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` անդրադառնալով Ռոսսելխոզնադզորի հայտարարությանը։

Ռոսսելխոզնադզորն այսօր հայտնել էր, որ ուսումնասիրելու է Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների կիրառման հարցը հայկական կողմի սահմանափակող միջոցների վատ վերահսկողության և խախտումների պատճառով։

«Սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ Նշված մտահոգությունը վերաբերում է բացառապես Իրանից հումքի ներմուծման, ՀՀ–ում կաթնամթերքի արտադրության մեջ դրա օգտագործման և Ռուսաստան արտահանման շղթային»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հայաստանից կաթնամթերքի ռուսական շուկա մատակարարումների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են։

ՍԱՏՄ–ն հիշեցնում է, որ առաջացած խնդիրը քննարկվում է ռուսական կողմի հետ, արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Sputnik Արմենիա