Լավրովը Իրանին և Ադրբեջանին օգնելու պատրաստակամություն է հայտնել
Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը ժամանակավոր բնույթ է կրում և շուտով կվերացվի։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք հուսով ենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում առկա լարվածությունը ժամանակավոր բնույթ է կրում և հնարավորինս շուտ կհաղթահարվի»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։
Նրա խոսքով, այդ դժվարությունների վերացումը կօգնի խթանել եռակողմ համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շրջանակներում կարևոր նախագծերի իրականացման համատեքստում»։ «Մենք պատրաստ ենք օգնել մեր բարեկամներին առկա խնդիրների լուծման գործում»,- եզրափակել է Լավրովը։
News.am