ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան, Երևանը և Բաքուն Լաչինում անցակետ ստեղծելու հարց չեն քննարկել

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Լաչինի միջանցքի տարածքում սահմանային անցակետ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվել: Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հայկական կողմին առաջարկել է անցակետ տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերում, ինչպես նաև Լաչինի միջանցքի սահմանին:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 28-ին հայտարարեց, որ Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ` ընդգծելով, որ Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությանը, այսինքն` ապահովվի քաղաքացիական հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց տեղաշարժի ազատությունը։

Sputnik Արմենիա