ԱՀԱԳՆԱՑՈՒՄԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՂՃԻ ՎՐԱ Է

«Արևմուտքին ձեռնտու է, որ Արցախում հայ չմնա»

100 օր առաջ Արցախում և Հայաստանում չէին կրակում։ Որոշակի ժամանակից ի վեր արդեն կրակում են, կան զոհեր (երեք ոստիկան՝ Արցախում, զինվոր՝ Երասխում)։ Շաբաթ օրվանից մինչև երկուշաբթի ակներև էր Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի երկայնքով առաջխաղացման փորձը՝ բարձունքների գրավմամբ. Ալիևն ընդունեց, որ ճանապարհ է հարթում դեպի Սյունիք։ Ռուս խաղաղապահների հետ բանակցությունները չվերադարձրեցին ադրբեջանցիներին ելման դիրքեր։ Ակնհայտ է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ոչ մի քայլ չի ձեռնարկում Արցախում ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ։

Դինամիկայում իրավիճակն ունի հետեվյալ տեսքը. «բնապահպանների» ակցիայից մինչև սադրանքներ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում՝ Արցախի ղեկավարներին Բաքվում բանակցությունների հրավիրելով: Միաժամանակ հաճախակիացել են գնդակոծությունները Հայաստանի ներսում, չնայած եվրոպական դիտորդների ներկայությանը։ Ալիևը համառորեն անտեսում է Արցախի ապաշրջափակման վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը, Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ զեկույցները Եվրախորհրդարանում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազանգերը, ինչպես նաև ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցը։

Ալիևը գործում է «հողի վրա», հասկացնելով, որ թքած ունի եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչների հայտարարությունների վրա։ Գլխավոր եզրակացությունը, որը բխում է ներկայիս իրադարձությունների հետ դեկտեմբերի 12-ի իրավիճակի համադրումից, կապված է պաշտոնական Երևանի դիվանագիտական ջանքերի հետ։ Այդ եզրակացությունը հերթական անգամ հուշում է, որ անհրաժեշտ է փոխարինել գլխավոր բանակցողին այնպիսի անձով, որն Ալիևին խոստումներ չի տվել սեպարատ ռեժիմով։ Զարմանալի չէ, որ Արցախում ծավալված վերջին իրադարձությունների խորապատկերին Փաշինյանը լռում է, որպեսզի չմթագնի «խաղաղության համաձայնագրի» ստորագրման հեռանկարը, ինչպես նաև այն պատճառով, որ ինքն ու իր հաճկատարները արևմտյան տերերի թելադրանքով արդեն ամեն ինչ ասել են ռուս խաղաղապահներին միջազգային խաղաղապահ առաքելությամբ (ՆԱՏՕ) փոխարինելու նպատակահարմարության մասին։

Եթե և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի հովանու ներքո անցկացված բանակցությունները համարենք անարդյունավետ, ապա ճիշտ ժամանակն է ընդունելու, որ Ադրբեջանին 2020թ.սեպտեմբերի 27-ից հետո արդեն երկրորդ անգամ հաջողվում է լեգիտիմ պայմաններ ստեղծել իրավիճակը ռազմական ճանապարհով լուծելու համար. հայաթափ անելու Արցախը և ուժի կիրառմամբ Հայաստանին պարտադրելու սահմանազատման իր սցենարը։ Պատահական չէ, որ բռնազավթած Թալիշում Ալիևը հիշատակեց 29 հազար քառ.կմ-ի մասին, «մոռանալով» 800 քառ. կմ-ն: Ստացվում է, որ սխալվում էին նրանք, ովքեր կարծում էին, թե Ստեփանակերտ-Բաքու նորմալ երկխոսության գլխավոր խոչընդոտը Ռուբեն Վարդանյանն էր պետնախարարի պաշտոնում: Նրա պաշտոնանկությունից հետո Ալիևը բացահայտ դիմեց ահագնացման։ «Կրեմլի մարդու» դեմ նա չէր հանդգնի այդ կերպ գործել…

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն օրերս կարծիք հայտնեց, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հավանականությունն ավելի մեծ է, քան Արցախի դեմ, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները: Նրա խոսքերով, ներխուժում պետք է սպասել հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած հատվածում։ Անդրադառնալով պաշտոնական Բաքվի հռետորաբանությանը, փորձագետը նշեց, որ Ալիևը ցանկանում է ցույց տալ, որ խաղաղապահների ներկայությունը չի կարող հետ պահել իրեն ռազմական արկածախնդրություններից: Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն իր հերթին հայտարարեց, որ միջազգային կառույցները վաղուց կարող էին հասած լինել Արցախում իրավիճակի կարգավորմանը, սակայն նրանք շահագրգռված են ոչ թե նրանում, որ 120 հազար հայերը վերադառնան նորմալ կյանքի, այլ որ ռուս խաղաղապահները հնարավորինս շուտ հեռանան Արցախից:

Նրա խոսքերով, Ալիևը միտումնավոր վարկաբեկում է խաղաղապահներին՝ կասկածի տակ դնելով առաքելությունն արդյունավետ կատարելու նրանց կարողությունը: «Արևմուտքի պատկերացմամբ՝ Արցախում հայ բնակչությունը ենթադրում է Արցախում ռուսական զորքերի առկայություն։ Չկա հայ բնակչություն՝ չկա ռուսական զորք, հետևաբար Արևմուտքին ձեռնտու է, որ Արցախում ընդհանրապես հայ չմնա»,- ընդգծեց Բաղդասարյանը։

Փաշինյանն արդեն համաձայնեցրե՞լ Է ժամկետները Վաշինգտոնի հետ

Տևական խաղաղությունը Արևմուտքի պատկերացմամբ հանգում է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև այնպիսի հարաբերությունների, որոնք ավելորդ կդարձնեն Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը։ Ընդ որում Արցախի հարցը պետք է մեկընդմիշտ լուծել Բաքվի պայմաններով։ Որքան էլ պարադոքսալ է, բայց Հայաստանի իշխող ռեժիմն ակտիվորեն մասնակցում է Արցախի վերաբերյալ արևմտյան ծրագրի իրականացմանը…

Փաշինյանը, դատելով ամենից, Վաշինգտոնի հետ արդեն համաձայնեցրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի ելքի ժամկետները։ 44-օրյա պատերազմից հետո իշխող ռեժիմը ոչինչ չի արել հայկական զինված ուժերի պաշտպանունակությունն ու մարտունակությունը բարձրացնելու համար, ռեժիմի պարագլուխն ու իր հանցախումբը զբաղված են միայն սեփական գրպանները լցնելով: Փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքերով, միայն համավարակի շրջանում ռեժիմի պարագլուխն ու իր ոհմակը յուրացրել են մոտ 200 մլն դոլար՝ վիրուսի դեմ պայքարին այդ գումարներն ուղղելու փոխարեն։

Ռեժիմն անկարող է դիմակայել արտաքին մարտահրավերներին և ռիսկերին, ի վիճակի չէ վարել հավասարակշռված քաղաքականություն՝ հարվածի տակ չդնելով հայ-ադրբեջանական սահմանը և 120 հազար արցախահայության կյանքը։ Հավաքական Արևմուտքը շտապում է օր առաջ հասնել Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը, Փաշինյանի և Ալիևի քարոզչամեքենաները իրար հերթ չտալով տիրաժավորում են խաղաղապահներին վարկաբեկող տեղեկատվություն։ Տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանն ու իր հաճկատարները չեն հասկանում, որ խաղաղապահների առաքելությունը կիմաստազրկվի, երբ Արցախը լքի վերջին հայ ընտանիքը, ինչպես դա եղավ օգոստոսին Բերձորի, Սուսի և Աղավնոյի հետ: Ադրբեջանի կողմից ռազմական սադրանքներին և հայերի սպանություններին ռեժիմի պարագլուխը պատասխանում է ժողովրդավարական սկզբունքներին և տևական խաղաղության քաղաքականությանը հավատարմության մասին քարոզներով:

Իրականում Փաշինյանի ռեժիմը վարում է Արցախի և ռուս խաղաղապահների ներկայության դեմ ուղղված քաղաքականություն։ Ալիևը զգում է հավաքական Արևմուտքի աջակցությունը, որը փափագում է, որ Ռուսաստանը դուրս բերի իր խաղաղապահներին հակամարտության գոտուց, ուստի ցանկանում է վերջնականապես լուծել 120 հազար հայերի հարցը ուժային միջոցով։ Իրանի մարտի 27-ի նախազգուշացումը երրորդ երկրի միջոցով՝ Ադրբեջանի կողմից հարձակման դեպքում իր զորքերը Սյունիք մտցնելու պատրաստակամության մասին, դժվար թե կարող է չեզոքացնել հայկական տարածքում մեծ պատերազմի վտանգը, թեպետ, ամեն ինչ կախված կլինի Ուկրաինայում տիրող իրավիճակից։

Նախկին դիրքերը հանձնել են, իսկ նորերը չեն կահավորել…

Եթե հատուկ գործողության ուժերը պոկում կամ լայնածավալ առաջխաղացում ապահովեն Ուկրաինայում, ապա դա էապես կազդի Ալիևի ծրագրերի վրա և կսառեցնի հավաքական Արևմուտքի դուդուկի տակ պարելու Փաշինյանի ցանկությունը։

Իրավիճակի անբարենպաստ զարգացման դեպքում (եթե իրադրությունը մնա առանց արմատական փոփոխությունների) պետք է սպասել Ադրբեջանի կողմից ռազմական ահագնացման, ինչին Հայաստանը պատրաստ չէ: 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո սահմանամերձ շրջաններում շինարարական և ամրաշինական անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել։ Ռազմական ղեկավարությունը, հիշեցնեմ, փորձում էր թաքցնել հայկական զինված ուժերի կողմից ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ սահմանամերձ տարածքների կորստի փաստը։

Նախկին դիրքերը հանձնել են, իսկ նորերը առ այսօր չեն կահավորվել։ Դե, ո՞նց հասցնեին, չէ որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զբաղված էր բնակարանի գնմամբ ու կահավորմամբ, որի արժեքը ԶԼՄ-ները գնահատմամբ մոտ կես միլիոն դոլար է։ Եվ ներկայիս ահագնացումը ամբողջությամբ Փաշինյանի խղճի վրա է, որը փորձում է ուշադրություն շեղել Արցախից՝ երևանյան Կասկադում ճապոնական սակուրաներով և Աշտարակի մերձակա ամայավայրում ակադեմիական ավան կառուցելու ծրագրերով։