Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ
Բրյուսելում դաշինքի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի ժամանակ Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ:
«Ֆինլանդիան արդեն ՆԱՏՕ-ում է։ Շնորհավորում եմ: Դաշինքն այսուհետ ունի 31 երկիր։ Ուժեղ գործընկերներն անվտանգության երաշխիք են Լեհաստանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
Ֆինլանդիան Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել 2022 թվականի մայիսին։ Դաշինքին նրանց միանալու դեմ հանդես էր գալիս Թուրքիան, սակայն ապրիլի 1-ին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն էր տվել Ֆինլանդիայի հայտի վավերացմանը։
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արդյունքում Դաշինքի երկրների ընդհանուր սահմանը Ռուսաստանի հետ ավելանում է ավելի քան երկու անգամ՝ 1215 կիլոմետրից հասնելով 2555 կիլոմետրի:
1Lurer.am