Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 կետով

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 կետով, նա Նյու Յորքի դատարանում հերքել է բոլոր մեղադրանքները։ Տեղեկությունը հայտնում է CBS հեռուստաալիքը։

Ըստ լրատվամիջոցի` քաղաքական գործչին մեղադրանք է առաջադրվել առաջին կարգի պաշտոնական փաստաթղթեր կեղծելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է և սպասում է մեղադրանքների առաջադրմանը։

ԱՄՆ նախկին նախագահը Մանհեթենի դատարան է գնացել ավելի քան մեկ ժամ առաջ և մինչ այս պահը այնտեղ է: Այս ամբողջ ընթացքում Թրամփը ձերբակալված է համարվում։ Այս խափանման միջոցը կարող է ընտրել դատախազությունը կամ ոստիկանությունը: Դատարանը նիստի ընթացքում հավանաբար կորոշի, թե հետագայում որքանով կսահմանափակվի Թրամփի ազատությունը, նրան գրավի դիմաց ազատ կարձակեն, թե այլ պարտավորություններ կկիրառվեն:

Նա ԱՄՆ–ի պատմության մեջ առաջին նախագահն է, որին քրեական մեղադրանք է առաջադրվում և դատարանի առաջ է կանգնում որպես մեղադրյալ:

Ըստ լրատվամիջոցների` գործը վերաբերում է 2016 թվականի նախագահական քարոզարշավի համար միջոցների ոչ նպատակային ծախսմանը։ Հետաքննության տվյալներով՝ Թրամփը նախընտրական հիմնադրամից 130 հազար դոլար է վճարել պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին նրա հետ կապը թաքցնելու համար։

Sputnik Արմենիա