ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ ՉԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

Հիմնավոր կասկածներ՝ ուղիղ կապով սեպարատ պայմանավորվածությունների վերաբերյալ

Մարտի 31-ին հայ-ադրբեջանական սահմանի 5 հատվածներում ադրբեջանցիների առաջխաղացումից, Փաշինյանի և ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի իրարամերժ հայտարարություններից հետո ակնհայտ դարձավ, որ իշխանությունը բացարձակապես չի ցանկանում վերահսկել իրավիճակը պետական անվտանգության ապահովման ոլորտում: Սահմանի նշված հատվածներում ադրբեջանցիները չեն հանդիպել ո՛չ ԱԱԾ սահմանապահ ջոկատներին, ո՛չ էլ ՊՆ ստորաբաժանումներին: Կրկնվեց 2021թ.մայիսի 12-ին Սև լճի մերձակայք զավթիչների ներխուժման իրավիճակը, երբ Իշխանասարի մատույցներում նրանք հանդիպեցին միայն հովիվների: Փաշինյանը շարունակում է տարածքներ հանձնել, և բնավ փաստ չէ, որ 5 հատվածներում մինչև 300 մետր առաջխաղացումը Ալիևի հետ ուղիղ կապով հերթական պայմանավորվածությունների հետևանքը չէ:

Սկզբում տեղեկություն ստացվեց 60 հեկտարը գերազանցող գրավյալ տարածքում ադրբեջանական 11 դիրքերի մասին, Այժմ խոսքը 2-3 դիրքերի մասին է՝ յուրաքանչյուր 100 մետրի վրա: 2021-ի ներխուժումից հետո նույնպես ադրբեջանցիները անմիջապես սկսեցին դիրքերի կահավորումը, ասես ի սկզբանե գիտեին, որ իրենց ոչ ոք չի վռնդելու Հայաստանի տարածքից...

Ակներև է ռեժիմի հանցավոր քաղաքականության շարունակությունը. 2020 թվականի պայմանավորված պատերազմի արդյունքներով Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը հանձնելուց հետո 2021թ. մայիսի 12-ին ադրբեջանցիները ներխուժեցին ինքնիշխան Հայաստանի տարածք: Իշխանությունը հանցավոր անգործություն դրսևորեց, Փաշինյանը հայտարարեց, որ չի կռվի Սև լճի 30 տոկոսի համար։ Պայմանավորված բռնազավթումը հանգեցրեց նրան, որ այս պահին ադրբեջանցիները վերահսկում են ՀՀ տարածքի 150 քառ.կմ (արտգործնախարար Արարատ Միրզոյանի տվյալները)։ Դա՝ նախքան մարտի 31-ի առաջխաղացումը

2022թ. սեպտեմբերին Հայաստանի սահմանների դեմ ագրեսիայի ճանապարհով զավթիչները գրավեցին ռազմավարական կարևորության տասնյակ դիրքեր։ Իշխանությունը փորձում էր թաքցնել այդ փաստը, դիրքերը հետ չվերցրեցին։ Այսօր ակնհայտ է հանցավոր անգործության կրկնությունը։ Մարտի 31-ին Հայաստանի տարածքից զավթիչներին ոչ ոք չվռնդեց։ Վերջին ներխուժումը միայն հաստատեց Փաշինյանի և Ալիևի միջև ուղիղ կապով սեպարատ պայմանավորվածությունների առկայության վերաբերյալ կասկածների հիմնավորվածությունը։ Ընդ որում ռեժիմը ստում է, թե «սահմանների ճշգրտման համապատասխան աշխատանքներից հետո իրավիճակը զգալիորեն բարելավվել է»։

Փաշինյանը խոստացել է, որ մինչև տարեվերջ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից

Փաշինյանը շարունակում է տարածքներ հանձնել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Գերմանիայում հայտարարեց, թե մեզ համար անվտանգության միակ համակարգը ժողովրդավարությունն է: Սա նույն շարքից է, ինչ Լևոն Հակոբիչի այն գլխավոր թեզը, թե մեր ուժը մեր թուլության մեջ է։

Իրականացման փուլում է նաև իշխող ռեժիմի գլխավոր թեզը, թե 3 մլն-ն ավելի կարևոր է, քան 120 հազարը, դրա համար էլ Փաշինյանը հանձնեց Արցախը, որպեսզի փրկի Հայաստանը։ Հիմա մեր աչքի առաջ հանձնում է Սյունիքը, որպեսզի պահպանի Վայոց Ձորը։ Հետո կհանձնի Վայոց Ձորը, որպեսզի պահպանի Երևանն ու Արարատը, հետո կհանձնի Աբովյանը՝ Հանրապետության հրապարակը պահպանելու համար…

Ռեժիմի վարած քաղաքականությունը հոգեբույժի ախտորոշման կարիք ունի, տարածաշրջանը պատրաստվում է մեծ պատերազմի, իսկ Փաշինյանը՝ «խաղաղության համաձայնագրի» ստորագրման և սահմանազատման, թեև բռնազավթման պայմաններում խաղաղության համաձայնագրեր չեն լինում, զավթիչների հետ համաձայնագրեր չեն ստորագրում, բռնազավթման պայմաններում սահմանազատում չեն անցկացնում։

Ինչո՞ւ պիտի ստիպված լինենք բացատրել իշխանության ղեկին գտնվող հասուն քեռիներին, որ ցանկացած պատերազմի, ցեղասպանության և ապարտեիդի երաշխիքը դիմադրության բացակայությունն է և սեփական ապիկարության մեղքը նախկին իշխանության ու ՌԴ ղեկավարության վրա բարդելու փորձը։ Ախ, ինչպիսի՜ այլանդակություն, ՀԱՊԿ-ը չպատասխանեց այն հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի սահմանները։ Իսկ ո՞ւմ չպատասխանեց. Հայաստանի ղեկավարությանը, որը նախադպրոցական հաստատության կրտսեր խմբի աշակերտների օրինակով զբաղվում է սադրիչ հարցեր տալու վարժանքներով։ Ռեժիմի պարագլուխը իր արևմտյան տերերի հրահանգով «նեղացավ» ՀԱՊԿ-ից, հրաժարվեց զորավարժություններ անցկացնելուց և կազմակերպության ղեկավարության կազմում քվոտայից, իսկ հետո ընդհանրապես Հայաստան հրավիրեց հեռադիտակներով զինված եվրոպացի դիտորդների առաքելությանը։ Արտախորհրդարանական ոչ ֆորմալ կոալիցիայի կուսակցությունների ղեկավարների հետ վերջին (փակ) հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը խոստացել է մինչև տարեվերջ դուրս բերել Հայաստանը ՀԱՊԿ-ից:

Հայկական քաղաքականությունից վերջնականապես գոլորշիացել է լրջությունը, երկրի ու ժողովրդի նկատմամբ մի կույտ դիլետանտների ծանակումների վերջը չի երևում։ Վերջին հրապարակումներից մեկում մենք հնչեցրել ենք այն թեզը, որ «տեղից ելնելու և գործելու ժամանակն է», իսկ հրապարակումից հաշված շաբաթներ անց ադրբեջանական զավթիչներն արդեն բնակռել են Տեղ գյուղում և սահմանամերձ այլ տարածքներում։ Ինչքա՞ն կարելի է անտեսել այս խելագարությունը: Դեռ քանի՞ երկրի է ծիծաղեցնելու խոսնակը «ժողովրդավարություն» կոչեցյալ անվտանգության միակ համակարգի մասին իր հայտարարությամբ։ Փոխարենը հիմա այդ երկրներում գիտեն, որ հայ խոսնակը շատ լավ թքում է

Ալիևը սադրում է, իսկ Փաշինյանը չի՞ տրվում

Բանը հասել է քարոզչամեքենայի կողմից հնչեցվող կլինիկական հայտարարությունների, թե Ալիևը միտումնավոր հրահրում է մեզ մեծ պատերազմի, իսկ Փաշինյանը, իբր, այնքան խելացի է, որ չի տրվում սադրանքներին։ Պետք է հասկանալ, որ «չտրվելով սադրանքներին»՝ նա («խելքից պատուհասը») հանձնել է Արցախը, հանձնում է Սյունիքը, վաղը հանձնելու է Գեղարքունիքն ու Վայոց Ձորը…

ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒ ԱՄՆ-ը ԱԼԻԵՎԻՆ ՀՐԱՀՐՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ: Իրանը ռազմական ուժ է կենտրոնացնում Ադրբեջանի հետ սահմանին։ Տարածաշրջանը պատրաստվում է մեծ պատերազմի, որը կարող է ընդգրկել նաև Հայաստանի տարածքը, իսկ Նիկոլն ու իր ծառայանին զբաղված են գրպանները լցնելով և թքած ունեն երկրի ու ժողովրդի ապագայի վրա։

Իրավիճակը Հայաստանում և Արցախում համատարած քաոսի եզրին է, սպառնալիքն աճում է ադրբեջանցի զավթիչների առաջխաղացմանը, սադրանքների և դիվերսիաների քանակի աճին զուգընթաց։ Փաշինյանն ու իր ռեժիմը ի վիճակի չեն ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, 120 հազարը և 3 միլիոնը նետված են բախտի քմահաճույքին՝ «ահագնացում թույլ չտալու» անհամարժեք տրամաբանության շրջանակներում. թող, իբր, զավթիչները հասնեն Երևան, մենք խաղաղ կապրենք։

Ինչո՞վ էր զբաղված իշխանությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Բոլորի շուրթերին են լուրերը ԱԳ նախարար Միրզոյանի վերջերս միլիոններով գնած առանձնատան և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նույնքան թանկարժեք բնակարանի մասին։ Ավելի քան 2 տարի ռեժիմը բանակցություններ է վարել Բաքվի և Անկարայի հետ, չոր մնացորդում ունենք պատերազմի և էթնիկ զտումների նոր վտանգ, իսկ որպես արդարացում՝ մարտի 14-ի ասուլիսում ռեժիմի պարագլխի հայտարարությունն այն մասին, թե ողջ աշխարհում ծայրահեղ բարդ է վիճակը, իբր՝ ինքը մեղավոր չէ, ժամանակներն են այդպիսին։

Փաշինյանն անընդհատ ինչ-որ բան է խոսում, որպեսզի բառահեղեղի հետևում թաքցնի հանցավոր անգործությունը գլոբալ սպառնալիքի առջև, իսկ անգործության պատճառը ռեժիմի պարագլխի ու իր թիմի կողմից հայկական շահերի դավաճանումն ու նրանց քաղաքական իմպոտենցիան է։ Եզրահանգումներ անելու ժամանակն է, հապաղումը չափազանց վտանգավոր է…