5 ՏԱՐԻ ԱՆՑ ԲՈԼՈՐ ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԱՏՌՎԱԾ ԵՆ: ՌԵԺԻՄԻ ՎԵՐՆԱԽԱՎԸ ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ԴԵՍՈՒԴԵՆ Է ԸՆԿՆՈՒՄ…

Գերազանցեցին 5-րդ նախագահի խուլիգանությունը

Խուլիգանության հոդվածներով մեղադրյալների փաստաբանները, որոնց գործերը քննության կամ դատալսումների փուլում են, ցանկանում են հասնել մեղադրանքների չեղարկման, վկայակոչելով մեծամասնության խմբակցության պատգամավորների պահվածքը: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 4-ին Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում օմբուդսմենի պաշտոնում ընդդիմադիր խմբակցությունների թեկնածու Էդգար Ղազարյանին հասցեագրված սպառնալիքների և վիրավորանքների մասին է:

Սպառնալիքներն ու վիրավորանքները հնչեցրեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանության բաժին՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը առնչություն ունենալու կասկածանքով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն այնուհետ կարճվել է: Հիշյալ նիստի ընթացքում Հովհաննիսյանը ցուցամատը թափ էր տալիս Ղազարյանի դեմքի առջև և սպառնում կտրել նրա լեզուն ու ականջները: Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այդ պահվածքը անվանեց «պատմական խայտառակություն»:

Փաստաբանները կոչ են անում դատավորներին և քննիչներին իրենց պրակտիկայում չառաջնորդվել երկակի չափանիշներով. եթե ՔՊ խմբակցության քարտուղարն անպատիժ է մնում բռնություն գործադրելու հրապարակային սպառնալիքների համար, ապա այդ անպատժելիությունը պետք է տարածվի բոլոր քաղաքացիների վրա: Խուլիգանության փաստերի վկայակոչումը կարող էր տանել մեզ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին իշխանության զավթման ակունքներ, բայց նախընտրեցինք ավելի թարմ օրինակ։ Ոչ, խոսքը Տիգրանյան փողոցում կարտոֆիլի պարկի հետ պատգամավոր Հովիկ Աղազարյանի մենամարտի մասին չէ, այլ Անգլիայի թագուհուն վերջին հրաժեշտի արարողության, որի ընթացքում արգելված էին նկարահանումն ու լուսանկարումը: Արգելքը խախտեց միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ իրեն թույլ տալով կեցվածք ընդունել տեսախցիկի առջև, դագաղի խորապատկերին։

Դիվանագիտական վարվեցողության կանոնների սանդղակով այդ ժեստը հավասար է խուլիգանության, սակայն արարողության կազմակերպիչները որոշեցին ի ցույց չդնել նախագահի պահվածքը։ Հայկական ԶԼՄ-ները համարժեք արձագանքեցին միջադեպին՝ անվանելով իրերն իրենց անուններով, բայց Խաչատուրյանի համար թուքումուրը ցող ու շաղ է, քանզի Էստոնիայի նախագահի և այլ բարձրաստիճան անձանց ներկայությամբ «Սպարտակ» բալետից հատվածի դաշնամուրային այդպիսի կատարումը նույնպես խուլիգանություն է, որը նկատել են անգամ միջնակարգ երաժշտական կրթություն ունեցողները:

Այդ խայտառակ կատարումը ասես ծանակում էր մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունն ու հիշատակը, որի ազգանվակիցն է 5-րդ նախագահը։ Քոնդոլիզա Ռայսը նույնպես մի անգամ դաշնամուրով մի պարզ ստեղծագործություն կատարեց Եղիսաբեթ թագուհու ներկայությամբ, բայց դա ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից նրա հրաժարականից հետո էր, իսկ ինքը՝ Ռայսը, ի տարբերություն Խաչատուրյանի, կատարողական հմտություններ ցուցաբերեց։ Ավաղ, Փաշինյանի թիմակիցներն արդեն գերազանցել են 5-րդ նախագահին…

Խուլիգանը խոսնակի աթոռին՝ կանխահայտ ոչ լեգիտիմ կերպար է

Իշխանության հակասահմանադրական զավթումից 5 տարի անց բոլոր դիմակները պատռված են։ Փողոցներից ղեկավար պաշտոնների ցատկածներն առանց ամոթի չնչին իսկ նշույլի ցուցադրում են իրենց իրական էությունը. թքում են իրենց նեղացնողների երեսին, անվանարկում, սպառնում։

Սկսեցին նրանից, որ մոբիլիզացրեցին անվտանգության աշխատողներին՝ դուրս բերելու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին լիագումար նիստերի դահլիճից, շարունակեցին նույն վերակացուների ձեռքերով ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին քարշ տալով։ Սա՝ չհաշված ընդդիմադիր պատգամավորների և նրանց օգնականների զանգվածային ծեծը։ Աննայի համար երկարատև կալանքով «վճարեց» իր հայրը՝ այն ժամանակ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, Մանուկյանի համար՝ որդին, Տարոնը, որը վերադառնալով 44-օրյա պատերազմից՝ շինծու մեղադրանքով հայտնվեց բանտում…

Խուլիգանության ներկայիս ալիքը վերագրում են Փաշինյանի անձնական հրահանգին, այն է՝ նա կոչ է արել մեծամասնության խմբակցության պատգամավորներին շոուներ սարքել ցանկացած առիթով, որպեսզի քաղաքականացված հանրության ուշադրությունը շեղեն սահմանամերձ 5 հատվածներում տեղի ունեցած իրադարձություններից, որտեղ ադրբեջանցիները 100-300 մետր առաջ են եկել։ «Իրազեկ քաղաքացիներ միավորման» ղեկավար Դանիել Իոննիսյանի ստորագրությամբ հաղորդումը հանցագործության մասին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ, որն արդեն ներողություն է խնդրել ՀՀ քաղաքացիներից, նույնպես յուրօրինակ շոու է

Օրերս ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հպարտությամբ պատմում էր այն մասին, թե ինչպես են սահմանամերձ համայնքի բնակիչները ձեռնամարտի բռնվել ադրբեջանցիների հետ և պաշտպանել հայկական տարածքում հայոց դրոշը բարձրացնելու իրավունքը: Հարց. իսկ ո՞ւր էին այդ ժամանակ ԱԱԾ սահմանապահ զորքերն ու ՊՆ ստորաբաժանումները: Ինչո՞ւ պիտի պետության ներսում տեղի բնակիչները ձեռնամարտի բռնվեն զավթիչների հետ։

Նույնպիսի իրավիճակ էր 2021 թվականի մայիսի 12-ին առաջին ներխուժումից հետո: Այն ժամանակ, ինչպեսև 2023 թվականի մարտի 31-ին, ադրբեջանցի զինվորականներն անմիջապես սկսեցին հենակետեր կառուցել, ասես հաստատ իմանալով, որ իրենց չեն վռնդելու ինքնիշխան պետության տարածքից: Սահմանից զորքերի հետքաշումն ու ԱԱԾ սահմանապահ ուժերով դրանց փոխարինումը, որոնց սպառազինության մեջ չկա ծանր զինտեխնիկա, նույնպես հանցագործություն է երկրի և ժողովրդի անվտանգության տեսանկյունից: Դա ցույց է տալիս, որ մարտի 31-ի առաջխաղացումը, ինչպեսև 2021 թվականի մայիսի 12-ի բռնազավթումը, Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածությունների հետևանքն է։

Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի ձերբակալությունից հետո լրատվամիջոցներում վարկածներ են հայտնվում (մեկը մյուսից սարսափելի) համավարակի շրջանում չարաշահումների թեմայով։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հնչեցրեց 200 մլն դոլար թիվը։ Հենց այդքան է, նրա հաշվարկներով, իշխանությունը գրպանել այդ ծանր ժամանակահատվածում։ Արսեն Թորոսյանն էլ ներողություն խնդրեց ժողովրդից այն բանի համար, որ համավարակի սկզբնական փուլում լավ չի պահել իրեն. կատակել է վիրուսի թեմայով և այլն։ Չգիտեմ՝ առողջապահության նախկին նախարարն ինչպես, բայց խուլիգանը խոսնակի աթոռին՝ կանխահայտ ոչ լեգիտիմ կերպար է:

Պարագլխի թիմակիցներին տանջում է հատուցման վախը:

Խուլիգանության օրինակները լիառատ են, բայց մայրաքաղաքային ընտրությունների նախապատրաստման լույսի ներքո կսահմանափակվեմ նրանցով, որոնք կապված են ԿԸՀ նախագահի անձի հետ։ Վահագն Հովակիմյանը չի համապատասխանել օրինական պահանջներից ոչ մեկին։ Ո՛չ իրավաբանական կրթություն, ո՛չ 3 տարվա մասնագիտական ստաժ: Նա սովորել է ռադիոֆիզիկայի, փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետներում, ուսումնասիրել քաղաքագիտություն: «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին թղթակցին ԿԸՀ նախագահ դարձնելու համար խորհրդարանական մեծամասնությունը փոխեց օրենքը:

Փոփոխություններն ուժի մեջ մտան 2022 թվականի հուլիսի 22-ին: Հովակիմյանը դարձավ ԿԸՀ նախագահ, թեև մասնավոր համալսարանի իրավաբանական ֆակուլտետ ընդունվել էր միայն 2018 թվականին, այն էլ հեռակա, իսկ մասնագիտական ստաժ չուներ: Ակներև է կոլեկտիվ խուլիգանությունը՝ ռեժիմի պարագլխի հրահրումով ՔՊ խմբակցության անդամների կողմից օրենքի ծանակման տեսքով։

Իսկ մի՞թե համայնքների ղեկավարների ընտրովի պաշտոնների փոխարինումը նշանակովի քաղաքապետերով ու գյուղապետերով՝ պաշտոնակատարի կարգավիճակով, խուլիգանություն չէ։ Մի՞թե խուլիգանություն չէ Մամիկոն Ասլանյանին բանտում պահելն այն բանի համար, որ նրա գլխավորած դաշինքը հաղթանակ է տարել Վանաձորի ընտրություններում:

Հարցեր է առաջացնում նաև Տեր-Պետրոսյանի արձագանքը։ Մի՞թե առ այսօր իշխանությունը չի արել մի այնպիսի բան, որը ՀԱԿ առաջնորդին կդրդեր հանդես գալ հայտարարությամբ։ Թե՞ սպասում էր, մինչ Սիմոնյանը կթքի Կարեն Մկրտչյանի վրա։ Իսկ հայկական տարածքում ադրբեջանցիների խորանալու հետ կապված իրավիճակը նրան չի՞ հուզում։ Տեր-Պետրոսյանի արձագանքը նույնությամբ կրկնեց Նիկոլի արձագանքը 2020թ.նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի հայտարարության ստորագրմանը հաջորդած ակցիաներին: Ցուցարարների կողմից խորհրդարանի, կառավարության ու կառավարական առանձնատների գրավումից հետո Նիկոլը, հիշեցնեմ, ամենից շատ վշտացած էր թանկարժեք օծանելիքի կորստից:

Նախորդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին անվանել է ապուշ, ներկայիս ԱԺ խոսնակը թքել է գործարար Մկրտչյանի դեմքին, դինամիկան գործողության մեջ է։ Եվ վերջապես՝ գլխավորի մասին: Իռացիոնալ գործողությունների միջոցով հրապարակային ինքնամերկացման հիմնական պատճառը պարզ է և հասկանալի. ռեժիմի վերնախավը խուճապահար դեսուդեն է ընկնում, Փաշինյանի մերձավոր թիմակիցներին բացահայտ տանջում է մեղքի և ամոթի զգացումը, էլ՛ ավելի է տանջում երկրի և ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների դիմաց անխուսափելի հատուցման վախը։ Որպես հետևանք՝ հասարակական հիստերիաներ և խուլիգանական չարաճճիություններ։ 5 տարի անց բոլոր դիմակները պատռված են: