Զախարովան չի բացահայտել Լավրովի և Չավուշօղլուի բանակցությունների մանրամասները
Ես չէի ցանկանա բացահայտել այս բոլոր մանրամասները, քանի որ գործընթացը դեռ ավարտված չէ. դիվանագիտությունը պետք է հնարավորություն ունենա աշխատել նման զգայուն թեմայի շուրջ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպման մանրամասների մասին հայտնելու խնդրանքին։
«Մենք կողմ ենք Հայաստանի և Թուրքիայի միջև փոխհարգալից երկխոսության վերսկսմանը, այն սկսվել է մեր անմիջական մասնակցությամբ 2022 թվականի հունվարին։ Մենք համոզված ենք, որ նման ջերմացումը նպաստում է Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի բարելավմանը։ Մենք տեսնում ենք, որ գործընթացը վերջին շրջանում մեծ թափ է հավաքում և պատրաստ ենք շարունակել անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը»,- ասել է Զախարովան։
News.am