ԵՐԵՎԱՆԸ ԱՅԴՊԵ՞Ս ԷԼ ՊԱՏՐԱՍՏ Է

Ֆրանսիայի ԱԳՆ-ը խոր մտահոգություն է հայտնել ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Հայաստանի տարածքում գտնվող Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցած բռնության առնչությամբ, որի արդյունքում երկու կողմից զոհվել է 7 մարդ, ևս մի քանիսը՝ վիրավորվել, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ Փարիզը հիշեցնում է, որ սահմանագծումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների ճանապարհով և կողմերին կոչ է անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։

«Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը և շփման գծի հայկական կողմի գրավյալ դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումն անհրաժեշտ են ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար»,- ընդգծում է Ֆրանսիայի ԱԳՆ-ը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՊԱՐԱԴՈՔՍԱԼ Է, ԲԱՅՑ ՓԱՍՏՈՐԵՆ Փարիզին ավելի շատ են մտահոգում Հայաստանի շահերը, նրա տարածքային ամբողջականությունը, քան պաշտոնական Երևանին։ Դատեք ինքներդ. մինչ ֆրանսիացիները հարց են բարձրացնում Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերման մասին, ՀՀ վարչապետն առաջ է մղում հայ-ադրբաջանական սահմանի երկայնքով երկու կողմերի ռազմական ստորաբաժանումների հայելային հետքաշման գաղափարը։ Այսպես, կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը համաձայն է զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ Եվրամիության առաջարկին և հավելեց, թե Երևանը 2021 թվականից հայտարարում է այդպիսի լուծմանն իր իր պատրաստակամության մասին։

Այն բանում, որ սույն միտքը հնչեցվում է հայկական իշխանության կողմից արդեն երրորդ տարին, Փաշինյանը իրավացի է։ Միայն թե բուն գաղափարը պարունակում է մեր երկրի շահերին սպառնացող ահռելի վնաս։ Չէ՞ որ եթե զինվորական ստորաբաժանումները անվտանգ հեռավորությամբ հայելային հետ են քաշում երկու կողմերը, ապա սահմանի բազմաթիվ հատվածներում տեղի է ունենում հետևյալը. հայկական կողմը նահանջում է իր իսկ տարածքի խորք, իսկ ադրբեջանականը հետքայլ է անում ոչ թե իր, այլ դարձյալ հայկական տարածքում, որը Բաքուն բռնազավթել է։ Այդպիսով, բռնազավթված հայկական հողերը դառնում են վիճելի, և այդ վիճելիության պայմաններում կողմերը սկսում են սահմանագծման գործընթացը։

Այստեղ հարկ է հիշել, որ համաձայն պաշտոնական տվյալների, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները բռնազավթել են ինքնիշխան Հայաստանի տարածքի հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր։ Վերջին ժամանակներս Երևանն այդ մասին չի հիշում, թեև նախկինում բավական հաճախ բարձրացնում էր այդ հարցը։

Միանգամայն ակնհայտ է, որ զորքերի հայելային հետքաշմանը համաձայնելն ու, առավելևս, այդ գաղափարն առաջ մղելը նշանակում է՝ ընդունել վերջին մի քանի տարիներին Ադրբեջանի զավթած հայկական տարածքների պատկանելության վիճելիությունը։ Դա նշանակում է՝ քննարկումների առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների առնվազն մի քանի հարյուր քառակուսի կիլոմետրերը։ Ավելի տրամաբանական և պետության շահերին համարժեք կլիներ զորքերի հայելային հետքաշման մասին խոսել միայն Ադրբեջանի զավթած դիրքերի ապաօկուպացումից հետո։ Բայց չէ՜, Փաշինյանն այսպես էլ պատրաստ է

Այս իրավիճակում զարմանալի է, որ Փարիզը, այլ ոչ թե Երևանն է բարձրացնում ապաօկուպացման հարցը։ Փաստորեն Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը Ֆրանսիայի համար ավելի կարևոր է, քան բուն Հայաստանի իշխանությունների