Արման Երիցյանը և Կարեն Հակոբյանը բերման են ենթարկվել՝ խուլիգանության համար
Կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը բերման են ենթարկվել՝ խուլիգանություն կատարելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ կազմված փաստաթղթերով ներկայացվել են Քննչական կոմիտե։
Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգել էր, որ 3 ժամից ավել է Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը: Նա նշել էր, որ ակնհայտ է, որ նրանց հեռախոսները խլել են, զանգերին պատասխանում են ոստիկանության աշխատակիցները, ասում են հեռախոսները փողոցում են գտել։
«Թե ինչ է կատարվում ներսում, կարելի է առաջնորդվել երևակայությամբ, ինչպես միշտ։ Խմելու ջուր չեն տվել և այլն, եթե կան փաստաբաններ, որ կարող են այս պահին գնալ Կենտրոնի բաժին, շնորհակալ կլինենք», - նշել է իրավապաշտպանը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նրանք բերման են ենթարկվել՝ Պուշկինի փողոցում գտնվող փաբերից մեկի սեփականատիրոջ հետ վիճաբանության համար։