ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՆԱՎ ԻՆՔԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՑԵԼ 4-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

2022 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 12,6% տնտեսական աճ։ Այդ ցուցանիշով, ինչպես նախօրեին պարզվեց միջազգային կազմակերպությունների հրապարակումներից, Հայաստանի Հանրապետությունը 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհում, ինչը շատ կարևոր ցուցանիշ է։

ԻՆՉՊԵՍ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԱՌԿԱ-Ն, ԱՅԴ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստում, որն ընթանում էր ապրիլի 15-16-ին Դիլիջանում Կենտրոնական բանկի ուսումնա-հետազոտական կենտրոնում։ Այդ մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը։ «Պետք է արձանագրենք, որ 2023 թվականի առաջին եռամսյակի արդյունքները նույնպես քաջալերող են, շարունակում ենք գտնվել երկնիշ տնտեսական աճի ցուցանիշի մեջ: Առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է 10%-ից և նաև պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի առաջին եռամսյակի համեմատ, ըստ էության, կրկնապատկվել են, իսկ 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ 92%-ի չափով են ավելացել, իհարկե, չհաշված եկամտային հարկի վերադարձի ցուցանիշները: Այդ վերադարձը եթե հաշվի առնենք, ապա առաջին եռամսյակի բյուջետային եկամուտներն, ըստ էության, ավելացել են 97%-ով»,-ասել է Փաշինյանը։

Նրա խոսքերով, 2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի հանրապետությունում գրանցվել է աշխատատեղերի պատմականորեն ամենաբարձր ցուցանիշը. 704 հազար աշխատատեղ։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ.ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆՇԵԼ, որ «պատմական ամենաբարձր ցուցանիշը» չհաջողվեց պահել, ինչի մասին Փաշինյանն իրեն բնորոշ «համեստությամբ» լռեց։ Համաձայն 2023-ի փետրվարի տվյալների, աշխատողների թվաքանակի ցուցանիշը կազմել է 698 հազար 723։ Իսկ դա նշանակում է, որ երկու ամսվա ընթացքում (դեկտեմբերյան ռեկորդային 704-ից) աշխատողների թիվը երկրում նվազել է ավելի քան 5 հազարով։ Ըստ այդմ էլ «պատմական» նվաճումը կարելի է համարել այսրոպեական և իրավիճակային։ Եվ զմայլանքներն այստեղ պարզապես տեղին չեն։

Ասենք, դրանք տեղին չեն Փաշինյանի վկայակոչած նաև մյուս ցուցանիշների պարագայում։ Ահավասիկ նա խոսում է այն մասին, որ համաձայն տնտեսական աճի անցյալ տարվա ցուցանիշի, Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը։ Միանգամայն հնարավոր է, թեև այդ տեղեկատվության կոնկրետ աղբյուր Փաշինյանը չի նշում, վկայակոչելով միջազգային կազմակերպությունների ինչ-որ հրապարակումներ։ Ոչ, մենք հիմքեր չունենք չվստահելու բոլոր ժամանակների ու ժողովուրդների «ամենաճշմարտախոս» վարչապետի խոսքերին։ Բայց կցանկանայինք իմանալ, թե այդ վարկանիշում որ երկրների հարևանությամբ է հայտնվել Հայաստանը։ Դե, որպեսզի պարծենանք այն փաստով, որ այդ բնութագրիչով մենք պատմականորեն առաջ ենք անցել ոչ միայն ինքներս մեզանից, այլև փաստացի՝ տնտեսապես զարգացած բազմաթիվ երկրներից։

Ինչևիցէ, այստեղ կարևորն այլ բան է։ Ակնհայտ է, որ անցած տարի Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպն ամբողջությամբ կապված էր արտաքին գործոնների հետ, որոնք առաջացան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության հետևանքով։ Այդ մասին վկայում է թեկուզ այն, որ հայկական տնտեսության ընդհանուր աճն ապահովվել է առանձին բնագավառներում կտրուկ վերելքի հաշվին։ Այսպես, հսկայական աճ է գրանցվել ֆինանսական, ապահովագրական և բանկային գործունեության ոլորտում։ Այդ ոլորտն աճել է մոտ 47%-ով։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ապահովել է 46%-ի աճ, զբոսաշրջությունը և հասարակական սնունդը՝ ավելի քան 23%։ Գումարած, որ 68%-ով աճել է արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառությունը։ Հայտնի է, որ արտաքին առևտուրը, արտահանումն ու ներկրումը անցած տարի աճել են հիմնականում ի հաշիվ ապրանքների վերարտահանման Ռուսաստանի Դաշնություն՝ հակառուսական պատժամիջոցների գործողության պայմաններում։ Հայտնի է, որ անցած տարի նշանակալիորեն աճել է զբոսաշրջիկների հոսքը Հայաստան՝ ի հաշիվ ռուսաստանցիների, որոնց համար, կրկին իսկ հակառուսաստանյան պատժամիջոցների գործողության հետևանքով, նախկինում սիրված տուրիստական բազմաթիվ երթուղիներ պարզապես փակվել են։

 Հայտնի է, որ անցյալ տարեսկզբին Հայաստան տեղափոխված ռուս վերաբնակների հիմնական մասը «այթիշնիկներ» էին, ինչը, անկասկած, հզոր խթան դարձավ հայրենի IT ոլորտի համար։ Վերջապես, հայտնի է, որ մեր բանկային ոլորտը պարզապես սկսեց «լող տալ յուղի մեջ» դարձյալ շնորհիվ ռուս վերաբնակների, որոնք հաշվեհամարներ էին բացում Հայաստանում, դրամական փոխանցումներ կատարում հայկական բանկերի միջոցով։ Ի դեպ, դրամական փոխանցումների առումով անցած տարի գերազանցվել են բոլոր ռեկորդները։ Այսպես, Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները հասան 3 միլիարդ 145 միլիոն դոլարի։ Համեմատության համար նշենք, որ անցյալում այդ ցուցանիշի բարձրակետը գրանցվել է 2013 թվականին, երբ ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումները կազմել են 1 միլիարդ 492 միլոն դոլար։

Գոյություն ունեն նաև մի շարք այլ բնութագրիչներ, որոնք ակնբախորեն ցուցադրում են, որ տնտեսական աճի տեմպով աշխարհում 4-րդ տեղը զբաղեցնելու համար ինքը՝ Հայաստանը ոչ մի ջանք չի գործադրել։ Հայկական տնտեսության աճի միակ գործոնը գլոբալ քաղաքական և տնտեսական կոնյունկտուրան է։ Սա՝ մի կողմից։ Մյուս կողմից՝ Երևանի քաղաքական պահվածքը, որը երես է թեքում Ռուսաստանից, ակնհայտորեն սպառնում է ոչ միայն պարզապես տնտեսական աճի դանդաղումով, այլև երկրի տնտեսության ներկայիս հիմքի լիակատար փլուզմամբ։ Դա, այդ հիմքը ոտքից գլուխ ռուսաստանյան է։ Այնպես որ կարելի է չկասկածել, որ աշխարհում տնտեսական աճի տեմպերով առաջատար երկրների ցանկում Հայաստանը երկար չի մնա