Դավիթ Բաբայան․ Ադրբեջանը չի արձագանքել Արցախի Հանրապետության առաջարկին

«Ադրբեջանկան կողմը չի արձագանքել Արցախի Հանրապետության իշխանությունների՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու առաջարկին»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Վերջինս վստահ է՝ առաջարկը հասել է հասցեատիրոջը, բայց միայն ժամանակը ցույց կտա, թե այն ինչ ընթացք կստանա։ Հավանականությունը, սակայն, որ ադրբեջանական կողմն, ընդհանրապես, կարձագանքի այդ առաջարկին, քիչ հավանական է համարվում. «Մենք նրանց հումանիտար բնույթի՝ հրատապ մարդասիրական և տեխնիկական հարցեր քննարկելու առաջարկ ենք արել, որոնց լուծումն անհետաձգելի խնդիրներ է առաջացրել Արցախում։ Եթե ուզում ենք լիարժեք բանակցային գործընթաց և քաղաքական հարցերի քննարկում ունենալ, ապա, նախ և առաջ, պետք է վերականգնվի լիարժեք ձևաչափը, որն իրենք չեն ցանկանում։ Հետևաբար քաղաքական հարցեր քննարկելը՝ նրանց հետ, հիմա շատ բարդ է լինելու, գրեթե՝ անհնարին։ Խնդիրն այս պահին հումանիտար հարցեր քննարկելու և դրանց լուծումները գտնելուն է վերաբերում»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ էին փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։