Վազգեն Թևանյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վազգեն Թևանյանը ոսկե մեդալ նվաճեց Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

 

Մ23 աշխարհի չեմպիոնը 65 կգ քաշայինների եզրափակիչում մրցեց Մ23 աշխարհի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Միքայ Սալիմ Նաիմի հետ և 12:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ:

Սա Թևանյանի առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում:

Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիրը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվեին: Քառորդ եզրափակիչում Թևանյանը 4:1 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Ալի Ռադիմզադայի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Թևանյանը 12:4 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Ուկրաինան ներկայացնող Էրիկ Առուշանյանի նկատմամբ:

Վազգեն Թևանյան, ազատ ոճի ըմբշամարտ, 65 կգ քաշային կարգ

Ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում: Անձնական մարզիչ՝ Ռաֆիկ Գոլեցյան։ Ամուսնացած չէ: Վազգեն Թևանյանը 2015թ պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2018թ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018թ Հայաստանի չեմպիոնությամբ (65 կգ):

2019-ին նվաճել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 2020-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգված մծահասակների աշխարհի առաջնությանը փոխարինած աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է ոսկե մեդալ:

2021-ին Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Հունգարիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարի չեմպիոնի կոչումը: Եզրափակիչ գոտեմարտում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Հաջի Ալիևի նկատմամբ և դարձավ ոսկե մեդալակիր:

2021թ մարտի 18-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում նվաճել է Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Իր առաջին օլիմպիական խաղերում պարտվել է մեկնարկային գոտեմարտում:

2021 թվականի աշխարհի առաջնությունում հասավ մինչև քառորդ եզրափակիչում, որտեղ պարտվեց նկատողություններով: Նույն տարվա Մ23 աշխարհի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ:

2022թ աշխարհի Մ23 առաջնությունում եզրափակիչում թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով հռչակվել է չեմպիոն:

News.am