Գարեգին Երկրորդ․ Փաշինյանին ուղղված հրաժարականի կոչը հայրական հորդոր է, որը ժամկետ չունի

«Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր հայտարարության մեջ անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցին մենք հայրական հորդոր ենք ուղղել և այն չի կարող ժամանակով սահմանափակված լինել»,-այսօր այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի և խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ են հանդիսացել նշված պատգամի փոխանցման համար։

Դժբախտաբար, տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ մտահոգիչ, Արցախի կարգավիճակի հետ առնչվող սխալ և անընդունելի արտահայտություններ են հնչում։ Մտահոգիչ է նաև մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, և այստեղ մենք մեծ աշխատանք ունենք կատարելու։ Այս խնդիրները կարող ենք լուծման առաջնորդել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբումով», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Panorama.am