Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅԼ ԲԱՆ ՉՈՒՆԵՆ ԱՆԵԼՈՒ, ՔԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼՆ ՈՒ ՀԵՌԱՆԱԼԸ

ՀՀ գործող իշխանությունները տապալել են երկրի անվտանգության համակարգը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Միայն վերջին՝ Տեղ գյուղում տեղի ունեցածի հետ կապված՝ ասեմ, որ ՀՀ իշխանությունն Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածությունների շրջանակներում դեռ 7 ամիս առաջ գիտեր, որ այդ հատվածում Հայաստանն Արցախին կապող ճանապարհի երթուղու փոփոխություն էր տեղի ունենալու և նոր բնագծեր տեղակայելու անհրաժեշտություն է լինելու, և այսօր իշխանության արդարացումները, թե «կանխատեսելի էր Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտումը», «այո՛, թերություններ ունեցել ենք, բայց կարող էր ավելի վատ վիճակ լիներ», որևէ ձևով տրամաբանության մեջ չեն տեղավորվում», - ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ընդգծելով 44-օրյա պատերազմից հետո ձևավորված ցավալի իրականությունում անվտանգային իրավիճակը բարելավելուն ուղղված քայլերի բացակայության հանգամանքը՝ պատգամավորը նշեց՝ Հայաստանի իշխանության արձանագրած ֆունդամենտալ տապալման հետևանքով Ադրբեջանը հսկայական առավելություն է ստացել, ինչն էլ օգտագործում է, իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց ձախողումների ու պարտության մեղքը բարդել ՀՀ զինված ուժերի վրա։

«Սեփական մեղքերը մեղմելու կամ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով ՀՀ իշխանությունն ինքն է հարվածներ հասցնում ԶՈՒ-ին և իր քայլերով լուրջ ճգնաժամ ստեղծում։ Որքան էլ սոցիալ-կենցաղային վիճակի, ամրաշինական կամ այլ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն, միևնույն է, դրանք երբեք անհրաժեշտ արդյունավետություն չեն ունենա այնքան ժամանակ, քանի իշխանությունը չի գիտակցում, որ սեփական կաշին փրկելու համար պետության հիմնասյունը որևէ պարագայում չեն սղոցում», - ընդգծեց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ որքան էլ իշխանության ներկայացուցիչները «գեղեցիկ» քարոզչական հնարքներով ներկայացնեն իրենց գործունեության «արդյունքները», ստուգատեսը առաջնագծում է, իսկ հասարակությունն անընդհատ ականատես է լինում մարդկային ու տարածքային խոշոր կորուստների։

«Կառավարության առաջնային խնդիրը երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովումն է, ինչն այս կառավարությանը ակնհայտորեն չի հաջողվել։ Իշխանության լեգիտիմությունը միայն ընտրություններով չի արտացոլվում, առաջին հերթին դիտարկվում է կառավարության կենսունակությամբ, արդյունավետությամբ և առաջնահերթությունների կատարմամբ, իսկ այս կառավարությունն իր գլխավոր խնդիրը տապալել է, ինչը բերել է տարածքային և մարդկային հսկայական կորուստների։ Սա նշանակում է, որ այս կառավարությունն ու նրա ղեկավարն այլ բան չունեն անելու, քան հրաժարական տալն ու հեռանալը», - շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Aysor.am