«Փաստ». ՀՐԱՀԱՆԳ Է ԻՋԵՑՎԵԼ «ՄԱՔՐԵԼ» ԴՊՐՈՑՆԵՐԻ ՊԱՏԵՐԸ ՀԵՐՈՍՆԵՐԻ, ՖԻԴԱՅԻՆԵՐ ՆԿԱՐՆԵՐԻՑ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԼՈԶՈՒՆԳՆԵՐԻՑ

«Փաստ» թերթը գրում է. «Կրթական ոլորտում իշխանությունների նախաձեռնած «բարեփոխումների» գործընթացի հետ կապված նորանոր տեղեկություններ են ստացվում։ Ի մասնավորի, մեր ունեցած տեղեկություններով, նոր «ծրագիր» է կյանքի կոչվում, որն այս անգամ դպրոցների ներքին «կահավորման» հարցերին է վերաբերում։

Մասնավորաբար, վերջին շրջանում մեզ տեղեկություններ են հասնում, որ դպրոցներին արդեն հրահանգ է իջեցվել «մաքրել» դպրոցների պատերը. տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հերոսների, ֆիդայիների, պատմական կերպարների նկարներին, հայ մեծերի մտքերին, հայրենասիրական լոզունգներին, ազգային ոգին բարձրացնող աֆորիզմներին և այլ տիպի գրառումներին, այսինքն՝ այն ամենը, ինչ սովոր ենք տեսնել մեր դպրոցների պատերին։

Ըստ այդմ, բոլոր դպրոցների պատերը պետք է լինեն անթերի «մաքուր»՝ «աշակերտների մտածելակերպի ու ենթագիտակցության վրա արհեստական ներգործությունից խուսափելու նպատակով»։ Թերթի տեղեկություններով, իշխանություններն այս գործընթացը սկսել են մարզերից, առայժմ «ձեռքի հետ», որպեսզի միանգամից մեծ աղմուկ չբարձրանա»։

Aysor.am