Արցախը հերքում է Բաքվի հաղորդագրությունն ական տեղադրելու մասին
Ադրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարությունն այն մասին, թե իբր այսօր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը, նշվում է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել:
«Վերոնշյալ հայտարարությունների բովանդակային հաջորդականությունը հստակ ընդգծում է Ադրբեջանի կողմից վարվող կեղծ տեղեկատվական արշավի նպատակը. այն է՝ հող նախապատրաստել Արցախի Հանրապետության դեմ հնարավոր սադրանքների համար», - նշվում է Արցախի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Նովոստի-Արմենիա