Դավիթ Տոնոյանը բացառում է իր մասնակցությունը ԱԺ ՔՀ աշխատանքներին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է իր մասնակցությունը ԱԺ ՔՀ աշխատանքներին: Այս մասին նշված է նրա տարածած հաղորդագրության մեջ։
Ապրիլի 18-ին ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի այցը ԱԺ անհնար լինի, ապա քննիչ հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել մեկուսարանում։
«Իրավունքներիս և ազատություններիս անհեթեթ մեղադրանքով սահմանափակված լինելու պայմաններում և անձնապես, և իրավական առումով բացառում եմ մասնակցությունս ԱԺ ՔՀ աշխատանքներին»,-հայտարարել է Դավիթ Տոնոյանը:
Նա նաև շեշտել է, որ անկախ փորձագետների և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների բացակայությունը ՔՀ նիստերին ոչ միայն հարցեր է առաջացնում վերջինիս աշխատանքի անկողմնակալության վերաբերյալ, այլև պարարտ հող է հանդիսանում քաղաքական շահարկումների, զրպարտանքների և դիլետանտական բամբասանքների շարունակության համար:
Տոնոյանը կարծում է, որ ՔՀ նախագահող անձը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում՝ հաշվի առնելով «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ և Զինված ուժերի հասցեին իր կողմից արված անպատասխանատու հայտարարությունները»։
Պաշտպանության նախկին նախարարը կրկին հիշեցրել է, որ պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունն ու առաջարկել է իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանեն հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին: