ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՂՎԱԾ ՈՒՂԵՐՁՈ՞Վ

Ակնհայտ է, որ Ալիևը շտապում է…

Վերջին օրերին ռեժիմի պարագլխի շրջապատից բավական հակասական տեղեկություններ են ստացվում։

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ քննարկում է «խաղաղության համաձայնագրի» ստորագրման առթիվ ժողովրդին հղելիք ուղերձի տեքստը, որպեսզի կատարի Արցախի խնդրի կարգավորման «ընդունելի» տարբերակը զանգվածներին ներկայացնելու խոստումը։ Ապրիլի 23-ին Լաչին-Ստեփանակերտ հատվածում անցակետի տեղադրումից հետո ակնհայտ դարձավ, որ Ալիևը շտապում է և այդ շտապողականության մեջ թույլ է տալիս կոպտագույն սխալներ, որոնցից Փաշինյանի ռեժիմն անկարող է օգտվել ի նպաստ հայկական պետությունների շահերի՝ այն պարզ պատճառով, որ ռեժիմը չի ներկայացնում այդ պետությունների շահերը։

Այլ աղբյուրների տեղեկություններով, զանգվածային իրազեկման նպատակով Փաշինյանը ծրագրել էր հատուկ ասուլիս հրավիրել, սակայն հրաժարվել է այդ մտքից՝ անձնական անվտանգության նկատառումներով։ Ծիծեռնակաբերդի Անմար կրակի մոտ մետաղորսիչի հետ կապված միջադեպից հետո, ինչը ծաղրի առարկա դարձրեց նրան ժողովրդի աչքում, «առաջին շրջանակի» մարդիկ ընդհանրապես խորհուրդ չեն տալիս Նիկոլին հանդես գալ հրապարակային հայտարարություններով, սակայն ռեժիմի պարագլուխը ցանկանում է խուսափել 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրմանը հաջորդած կշտամբանքների կրկնությունից։

Փաշինյանն ուզում է ապահովագրել իրեն…

Այն ժամանակ, հիշեցնեմ, նրան մեղադրեցին ժողովրդի թիկունքում ճակատագրական փաստաթուղթ ստորագրելու համար։ Փաշինյանը չի ցանկանում Ալիևի հետ «խաղաղության համաձայնագիրը» ստորագրել նույն ռեժիմով, ուստի ցանկանում է ապահովագրել իրեն համապատասխան ելույթով՝ պարզաբանելով փաստաթղթի առանցքային դրույթները։

Այլապես ժողովուրդն իրեն կզգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի վիճակում, որը նույնիսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոստումից հետո հնարավորություն չստացավ ծանոթանալու բանակցությունների օրակարգի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերին:

Ժողովուրդը չգիտի, թե ինչի մասին է բանակցում հայկական կողմը, սակայն վերջին օրերին իրավիճակը երկրում այնքան է թեժացել, որ Փաշինյանը որոշել է բացել փակագծերը և ծանոթացնել հանրությանը այն տեքստի մանրամասներին, որը, մի շարք տեղեկություններով, արդեն պատրաստ է ստորագրման։ Փաշինյանը ժամանակ է ձգում՝ վախենալով ներքաղաքական ապակայունացումից, որը շատ ավելի ուժգին կլինի, քան այն, որը հաջորդեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրմանը։ Մյուս կողմից, ռեժիմի պարագլուխը մտավախություն ունի, որ ժողովրդին հասցեագրած իր ուղերձը կարող է փողոցային անկարգությունների մեկնարկի խթան դառնալ՝ ռեժիմի հրաժարականի պահանջով ապստամբության վերաճելու հեռանկարով:

Ստորագրումից 2-3 օր առաջ կարող է ապստամբություն բռնկվել

ՔՊ-ի գրասենյակի կիսափակ դռների հետևից, իր հերթին, տեղեկություններ են ստացվում այն մասին, որ ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանը, օգտվելով Փաշինյանի կասկածամտությունից ու վախերից, միտումնավոր խտացնում է գույները և ամեն տեսակի «զարհուրիկներ» ներշնչում նրան հնարավոր մահափորձերի թեմայով։

Այդ պարզունակ եղանակով Աբազյանը բարձրացնում է իր կառույցի նշանակությունը Նիկոլի աչքում, որի վախերը բազմապատկվում են «խաղաղության համաձայնագրի» ստորագրման ժամկետների մոտենալուն զուգընթաց։ Մերձավոր շրջապատը համոզում է ռեժիմի պարագլխին նախապես չտեղեկացնել ժողովրդին փաստաթղթի ստորագրման ստույգ ժամկետների մասին, սակայն Փաշինյանը մտավախություն ունի, որ հայտարարված ստորագրման ընթացակարգից 2-3 օր առաջ էլ Հայաստանում կարող է ապստամբություն բռնկվել։

Եթե Ալիևն օգտվի այն հանգամանքից, որ հայկական կողմը ձգձգում է ստորագրումը, և ռազմական գործողություններ սկսի Հայաստանի դեմ, Փաշինյանին կարող է սպառնալ փողոցային ակցիաների բռնկումը, հենց որ ստացվեն զոհերի մասին առաջին տեղեկությունները։ Ժողովրդին դիմելու որոշումը, մեր ունեցած տեղեկություններով, կարող է կայացվել բառացիորեն օրերս, ռեժիմի պարագլուխը դեռ չի հրաժարվել «խաղաղության համաձայնագրի» բովանդակության մասին ժողովրդին նախապես իրազեկելու գաղափարից։ Փաշինյանն ուզում է ընտրության առջև կանգնեցնել զանգվածներին. կա՛մ ինքը ստորագրում է «խաղաղության համաձայնագիրը», կա՛մ Ալիևը պատերազմ է սկսում, միայն թե, դատելով ամենից, Փաշինյանը ուշացել է. պատերազմն արդեն ընթանում է Արցախի շրջափակման խստացման խորապատկերին:

Իրավիճակն ահագնանում է օրըստօրե, երկրում նոր հեղափոխություն է հասունանում։ Փաշինյանը գիտակցում է լարվածության շուտափույթ լիցքաթափման անհրաժեշտությունը, սակայն թե ինչպես լուծել խնդիրը, նա չգիտի։ Հինգ տարի առաջ նա խոստացավ հավաքել ժողովրդին Հանրապետության հրապարակում, որպեսզի տեղեկացնի կարգավորման վերջնական տարբերակի մասին։ Այսօր Նիկոլը չի համարձակվի գալ հրապարակ և կանգնել ժողովրդի առջև։

Հենց այդ պատճառով էլ ռեժիմի ներկայացուցիչները մշտապես շեղում են քաղաքականացված հանրության ուշադրությունը նոր պատերազմի վտանգից. Գլխավոր շտաբի պետը ստում է, թե Տեղ համայնքում վիճակը «բարելավվել է», մինչդեռ տեղից ահազանգեր են ստացվում, որ ոչ մի բարելավում չկա: Ապրիլի 11-ին չորս հայ զինվորի կյանք խլած զինված միջադեպից հետո ադրբեջանցիները շարունակում են պաշտպանական շինություններ կառուցել։ Փոխքաղաքապետ Ավինյանը «յուրաժամանակ» բանավեճ է պարտադրել երևանցիներին այն թեմայով, թե որն է ավելի լավ՝ ճապոնական սակուրան, թե՞ հայկական բարդին։ Իշխանությունը մշտապես զեկուցում է վերելակների նորացման, ճանապարհների ասֆալտապատման, բնակարանաշինության տեմպերի և այլնի մասին։

Արևելագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով, ստեղծված իրավիճակը ճշգրիտ պատճենն է թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի զավթման պատմական դրվագի։ Ներխուժումից բառացիորեն հաշված օրեր առաջ Կոստանդնուպոլսի հոգևոր իշխանությունը բանավիճում էր այն հարցի շուրջ, թե քանի հրեշտակ կարող է միաժամանակ անցնել ասեղի անցքի միջով։