Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդը ակցիա է իրականացրել դեսպանատների առջեւ
Սամվել Վարդանյանը, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Նիկո՛լ, դավաճան» ասելու համար ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել, այսօր՝ ապրիլի 28-ին, ակցիաներ է իրականացրել ՀՀ կառավարության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների դեսպանատների առջև։
Նա իր ձեռքում պահել է պաստառ, որի վրա գրված է. «Փաշինյանը Հայաստան չէ և Փաշինյանի արտահայտած կարծիքը Հայաստանինը չէ»:
«Սա իմ խոսքն է՝ ուղղված երկրի ղեկավարությանը, հանրությանը, դեսպանատների աշխատակիցներին: Սա իրազեկման ակցիա է, թեպետ չեմ կարծում, որ դեսպանատներում չգիտեն սրա մասին: Եկել եմ ցույց տալու, որ մեր երկրում կան քաղաքացիներ, որոնք մեծամասնություն են և համաձայն չեն մեր երկրի փաստացի վարչապետի, նրա արտահայտած մտքերի և վարած քաղաքականության հետ»,-հայտարարեց Վարդանյանը:
Կարգախոսերը գրված են երեք լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն, իսկ կառավարության դիմաց հայերենով էր հնչեցնում իր պահանջները՝ հայտարարելով, որ Արցախը հայկական է և այնտեղ ապրում են հայեր:
Սամվել Վարդանյանն նախորդ օրն իր սոցիալական հարթակի էջում գրել էր, որ որոշել է ակցիայի շրջանակներում այցելել բոլոր դեսպանատներ. «Չէի ուզի, որ նման մասշտաբի աղմուկ բարձրանար և ինչ-որ տեղ, թեկուզ մի քանի ժամով կամ 1-2 օրով շեղվեինք մեր գերխնդիր Արցախի պաշտպանությունից ու սրանց վռնդելու օարակարգից ու հենց այս օրակարգի շրջանակներում ես միանձնյա ակցիա եմ իրականացնելու Կառավարության այնուհետև Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատների առջև: Իրազեկման ակցիա՝ մոտ մեկ ժամ յուրաքանչյուր կանգառում»,-ասվում էր գրառման մեջ:
Վարդանյանը լրագրողներին հայտնեց, որ Փաշինյանի հետ միջադեպը իր շարունակական գործողությունների մի օղակ էր, որը նման արձագանք ստացավ:
Նա տեղեկացրեց, որ մինչ այդ նման որոկավորում է հնչեցրել իշխող ուժի մի շարք ներկայացուցիչների ուղղությամբ:
Նա հաստատեց որ Նիկոլ փաշինյանի հետ միջադեպից հետո անախորժ զրույց է ունեցել իր գործատուի հետ և կորցրել է աշխատանքը:
Մինչև Ֆրանսիայի դեսպանատուն գալը Վարդանյանը բողոքի ակցիա էր իրականացրել նաև ՀՀ կառավարության առաջ և իր ակցիան շարունակեց նաև ՌԴ դեսպանատան մոտ, որից հետո շարժվեց ԱՄՆ դեսպանատուն:
News.am